Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել նոր միջազգային տրանսպորտային ուղի


Թեհրան -- Գագիկ Բեգլարյանը և Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: 21-ը հունվարի, 2016 թ․
Թեհրան -- Գագիկ Բեգլարյանը և Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: 21-ը հունվարի, 2016 թ․

Թեհրանում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ:

«Ազատության» հետ զրույցում Բեգլարյանը նշեց, թե իրենց հաշվարկով՝ այս ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներն են․ - «Իրանով անցնող բոլոր բեռները, որոնք գնալու են Եվրոպա կամ Ռուսաստան, փորձելու ենք մեքենայով ապրանքը բերել մինչև Երասխ, Երասխից գնացքներով Փոթի, արդեն Փոթիից նավով դուրս գանք Եվրոպա»:

Ըստ նախարարի, Հայաստանի տարածքով այդ ուղու անցնելը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որը երկաթուղային կապ ունի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ․ - «Մենք այս տարի մեծ ուժ ենք ներդնելու [Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու] Հարավի կողմը: Հարավից եթե կարողանանք հասցնենք Քաջարան․․․ ամենադժվար մասը Ագարակից Քաջարան է: Մենք բավականին շատ այդտեղ ենք կարողանում ժամանակ և ճանապարհը ավելի արագացնենք, և Քաջարանից Սիսիան վաթսուն կիլոմետր շահում ենք: Մենք այս տարի որ սկսենք աշխատանքները Ագարակից, իրանք կհասկանան, որ իրականում մեր այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է»:

Նման տրանսպորտային միջանցքի կարևորությունը հատկապես ընդգծվել էր Հայաստանի ու Իրանի նախագահների օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Հասան Ռոհանին, մասնավորապես ասել էր․ - «Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին»:

«Մենք պայմանավորվեցինք, որպեսզի երկու կանտեյներներ Բոմբեյից բերենք՝ Իրանով, Պարսից ծոցով, Հայաստանով հասցնենք Սև ծով և այնտեղից Եվրոպա՝ որևէ եվրոպական քաղաք, կոնկրետ ֆիքսենք գինը», - փոխանցեց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են նաև երկու մեքենա Հայաստանից Իրանի տարածքով ուղարկել Իրաք՝ ճշգրտելու տարանցման գինը, որպեսզի այդ ուղին ևս կարողանան գործարկել:

Գագիկ Բեգլարյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր Թեհրանում, ուր հանդիպել էր երկրի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի և Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ:

Բեգլարյանն այսօր ասաց, որ իրանական կողմի հետ չորս հուշագիր է ստորագրել, որոնք վերաբերում են տրանսպորտի, կապի բնագավառներին․ - «Մենք նրանց օգնելու ենք ինտերնետի ոլորտում, ուղիղ կապի ոլորտում»:

Նախարարի խոսքով, իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի - Վայոց ձոր - Սևան տարբերակի փոխարեն՝ Մեղրի - Վայոց ձոր - Երասխ: Նրա փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Երևան են ժամանելու իրանցի մասնագետները՝ ուսումնասիրելու նոր տարբերակը․ - «Հնարավոր է, սա ավելի կարճ լինի և ավելի արագ կառուցելու լինի ապագայում: Իրանական կողմը շահագրգռվածություն ցուցաբերեց նոր երկաթգծի տեխնիկական ուսումնասիրության և վերջնական նախագծերի հարցում մասնակցություն ունենա և մեզ օգնի»:

XS
SM
MD
LG