Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը


«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղի հետ կապված անկայուն իրավիճակով։

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից: Այդ կառույցի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Նրա խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել։

Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։

Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի համար օգտագործվող կոշտ մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։

Ժամանակավոր արգելքը վերաբերում է ոչ միայն այդ ապրանքները ներմուծելուն, այլև «Ռոսսելխոզնադզոր»-ի փաստաթղթում նշված է, որ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով տարանցիկ տեղափոխելը ևս արգելվում է։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է մտցրել Հայաստանից որոշ գյուղմթերքների ներմուծման վրա։

«ՌԴ-ի կողմից ժամանակավոր սահմանափակման մեջ այս պահին մտնում են այն կենդանիները, որոնք ընկալունակ են տվյալ հիվանդության նկատմամբ, մտնում է տվյալ կենդանուց ստացված հումքը, տվյալ կենդանուց ստացած միսը, որը համապատասխան ջերմային մշակում չի անցել, հում մսի և ենթամթերքների մասին է խոսքը, մտնում է նաև այն կաթնամթերքը, որը նույնպես ջերմային մշակում չի անցել։ Ընդամենը այդքանը»,- ասաց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում մշակված մսամթերքի արտահանմանը, ապա կարող են արտահանել, բայց փաստացի չի արտահանվում։ Իսկ համապատասխան մշակում ստացած կաթնամթերքի արտահանումը շարունակվում է։ Օրինակ, նախօրեին պանիր է արտահանվել Ռուսաստան։

Ըստ ՍԱՊԾ-ի անասնաբուժության տեսչության պետի ներկայացրած տվյալների՝ կասկածներ կան, որ դաբաղի վիրուսը Հայաստան է անցել Թուրքիայից։ Անցյալ տարեվերջին դաբաղի դեպքեր են արձանագրվել Թուրքիայում՝ Հայաստանի սահմանից ընդամենը 2.5 կմ հեռավորության վրա, միջազգային կազմակերպությունում գրանցված տեղեկատվության համաձայն՝ դա դաբաղի նոր տեսակի վիրուս է եղել, որի դեմ Հայաստանում պատվաստանյութ չկա։ Դրանից հետո մեկ դեպք կրկնվել է Թուրքիային սահմանամերձ գյուղերից մեկում։

«Արմավիրի մարզի Արազափ համայնքում, որը սահմանակից է Թուրքիայի Հանրապետությանը, մեկ կենդանու մոտ ունեցել ենք գրանցված դեպք և այդ մասին համապատասխան կարգով տեղեկացրել ենք Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, որի մասին որպես անդամ երկիր տեղյակ է նաև Ռուսաստանի Դաշնությունը»,- ասաց Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ երկրորդ դեպքը չի գրանցվել։

Դաբաղը ինֆեկցիոն հիվանդություն է, որով կարող են վարակվել խոշոր եղջերավոր անասունները, նաև խոզերը, այծերը, ոչխարները, այլ կենդանիներ։

Մարդկանց վարակվելու հիմնական վտանգը հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի օգտագործումն է, հիվանդությունը, ոչ հաճախակի դեպքերում, կարող է մարդուն անցնել նաև այդ կենդանիների միսը օգտագործելու միջոցով։

Հաղորդելով ներմուծման ժամանակավոր սահմանափակումների մասին, Ռուսաստանի համապատասխան ծառայությունները նաև հայտնում են, որ նոր պատվաստանյութ են արտադրելու Հայաստանի համար՝ պայքարելու դաբաղի դեմ։

«Ինտերֆաքս»-ը հունվարի 20-ին հաղորդել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանի բանակցությունների մասին։

Բանակցություններում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև միասնական ինֆորմացիոն միջավայր ստեղծելու հարցերը, ինչը կապահովի Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքների տեղաշարժին հետևելը։ «Այս առումով Հայաստանի տարածքում «Ռոսսելխոզնադզոր»-ի մշակած «Արգուս» և «Մերկուրի» ինֆորմացիոն համակարգերի ներդրումը կբարձրացնի անասնաբուժական վերահսկման արդյունավետությունը և թույլ կտա հասնել երկու երկրների միջև վստահության ամենաբարձր աստիճանին», - նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG