Եվրոպայի խորհրդի փորձագետը անընդունելի է համարում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից քաղաքական հաղորդում վարելու փաստը։
«Ազատության» հարցը հարուցեց Լորան Ռույի զարմանքը. - «Ճի՞շտ եմ հասկանում, խոսքը հանրայի՞ն հեռարձակողի ալիքով հաղորդման մասին է և հաղորդավարը կառավարության ներկայացուցի՞չ է»։
Դրական պատասխան ստանալուց հետո Ռույը շարունակեց. - «Դե ինչ՝ սա հիմնովին սխալ է: Սա բացարձակապես անընդունելի է ընդունված չափանիշների և լավագույն փորձի տեսանկյունից: Սա որևէ կերպ չի կարող համարվել ճիշտ լուսաբանում: Պատկերացրեք ինչպիսի՞ բանավեճ է դա ստացվելու: Ուզում եմ ասել՝ այդ մարդը լուրջ հաղորդո՞ւմ է վարում և դա ինչ-որ կատակ չէ՞»։
«Ես պարզապես կարող եմ ասել, որ Ձեր հարցը ինձ մտահոգեց։ Դա սխալ է, չի կարելի նման բան անել: Նա չպետք է այդպիսի բան անի: Ո՛չ»,- հավելեց Եվրոպայի խորհրդի փորձագետը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների ջատագովներից՝ իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Աշոտյանը օրեր առաջ իր «Եռանկյունի» հաղորդումը սկսեց Հանրային հեռուստաընկերության եթերում։ Ընդդիմությունը շտապեց քննադատել այս նախաձեռնությունը։ «Ոչ»-ի ճակատից Հայ ազգային կոնգրեսը քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ ծաղր էր որակել հաղորդումը։
Նախընտրական քարոզարշավների դիտարկումներ անցկացնելու մեծ փորձ ունեցող Երևանի մամուլի նախագահ Բորիս Նավասարդյանն, ի տարբերություն եվրոպացի գործընկերոջ, զարմացած չէ, բայց կիսում է միջազգային փորձագետի տեսակետը։ Նավասարդյանի համար անընդունելի է հանրապետական նախարարի աշխատանքը հեռուստամեկնաբանի դերում՝ քարոզարշավի շրջանում։ Թե՛ Աշոտյանը և թե՛ Հանրային հեռուստաընկերությունը խախտել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, նախընտրական շրջանում բանավեճը վարողը պետք է չեզոք լինի, առավել ևս կապ չունենա քաղաքական ուժերի հետ, ասում է Նավասարդյանը։
«Նույնիսկ եթե պարոն Աշոտյանը լինի լիովին չեզոք, նույնիսկ հավատում եմ, որ կարող է չեզոքություն պահպանել, սակայն փաստը, որ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը և կառավարության անդամը քարոզարշավի փուլում վարում է հաղորդում, դա շատ կասկածելի լուծում է, և Հանրայինը երևի պիտի ավելի լուրջ և հստակ պատկերացներ՝ արդյո՞ք դա համապատասխանում է քաղաքակիրթ ստանդարտներին, թե՞ ոչ»,- ասաց Նավասարդյանը։
Մինչդեռ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը չի ընդունում ո՛չ միջազգային, ո՛չ էլ տեղական փորձագետների քննադատությունը։
«Եթե փորձագետի կամ ինչ-որ մեկի համար սուբյեկտը որպես կառավարության անդամ է դիտվում և այլն, ապա նա մեզ համար ՀՀ քաղաքացի է, որն ունի աշխատանքային պայմանագիր կոնկրետ հեռուստաընկերության հետ և կատարում է իր վճարովի աշխատանքը։ Բողոքող սուբյեկտներ չեն եղել, նկատի ունեմ կոնկրետ հաղորդման մասնակիցներից»,- հայտարարեց ՀՌԱՀ-ի անդամը։
Մկրտչյանը նշում է, որ նախորդ ընտրություններում, երբ կային կոնկրետ թեկնածուներ, նման հաղորդում հեռարձակելու դեպքում պատասխանատվության կկանչեին լրատվամիջոցին։ Այս դեպքում կարող են պատասխանատվության կանչել միայն եթե Աշոտյանը հաղորդման ժամանակ չեզոքություն չպահպանի։
Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ շեշտելով, որ հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչության նպատակով: Միևնույն ժամանակ հավելել է, որ այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:
Երևանի մամուլի ակումբի դիտարկումները, բացի Աշոտյանի հաղորդումից, այլ խախտումներ հեռուստաեթերում դեռ չեն արձանագրել։ Նավասարդյանն ուշադրություն է հրավիրում մեկ խնդրի վրա՝ սահմանադրական փոփոխությունների շրջանակում ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունները եթերում քարոզելու հնարավորություն չունեն։
«Քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ստեղծվել են հենց հանրաքվեից առաջ և հանրաքվեի համար, հիմնական հաղորդումներում ստացել են 0 վայրկյան ժամանակ»,- ասաց Նավասարդյանը։
Երևանի մամուլի ակումբի դիտարկումները ցույց են տալիս, որ հանրաքվեի լուսաբանումը սահմանափակվում է իշխանության վերարտադրման մասին քաղաքական ուժերի բանավեճով, իսկ Սահմանադրության բազմաթիվ փոփոխություններին առնչվող հարցերը մնացել են ստվերում։