Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանը վստահ է՝ «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը հենց Սյունիքն է ապահովելու


Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահ է՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեում «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը հենց իր ղեկավարած մարզն է ապահովելու: Թե կոնկրետ քանի տոկոս, Խաչատրյան ասաց՝ ինքը կորոշի.- «Քեզ քանի տոկոս է պետք, ասա՛։ Ինձ ոչ մեկը տոկոս ապահովելու հանձնարարություն չի տալիս, ես ինքս եմ որոշում»։

«Էրեխե՛ք, մի բան ասեմ էլի ձեզ, եկեք բոլորիդ տանեմ պատիվ տամ, ես բարձր տրամադրություն ունեմ, թոռնիկ ա ծնվել, էդ հարցերը վերջացրեցեք, ես ձեզ տանեմ պատիվ տամ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին առաջարկեց մարզպետը։

Ուշագրավ է, որ թեև Սյունիքի մարզպետը պնդում է, որ առաջիկա 50 տարում իշխանության ղեկին Հանրապետականն է լինելու, բայց միևնույն ժամանակ ընդգծում է՝ սահմանադրական փոփոխություններին «այո» ասելով՝ ռեժիմը կփոխվի։

«Ազատության» հիշեցմանը, որ 2005-ի սահմանադրական հանրաքվեի նախօրեին մարզպետը կրկին նշել էր, որ ամենաբարձր տոկոսն է ապահովելու և այդպես էլ եղավ, մարզպետը արձագանքեց.- «Հիմա էլ եմ ասում, էլի ապահովելու եմ, ի՞նչ խնդիր կա։ Դուք՝ լրագրողներդ, արդեն մի քանի անգամ համոզվել եք արդեն, որ Սյունիքում ընտրակեղծիք չի լինում»։

«Ինչի՞ շնորհիվ է Ձեզ հաջողվում այդքան մեծ տոկոսներ ապահովել»։ «Որովհետև ժողովրդի հետ սուտ չենք խոսում, ժողովրդի հետ փոխադարձ հարգանքն ու վստահությունը կա»,- հայտարարեց Սուրիկ Խաչատրյանը։

««Այո»-ն շատ բան է փոխելու սյունեցու կյանքում»,- վստահեցրեց մարզպետը.- «Մենք էս ռեժիմից կփոխվենք, էս, ինչ արվում է, առաջին հերթին ձեր՝ երիտասարդների համար է արվում, գոնե դուք գոհ եղեք։ Այ մի հատ որ կարդաք ծերից ծեր, կհասկանաք, որ ավելի շատ ձեզ համար է արվում»։

«Ռեժիմի փոփոխություն է չէ՞ կատարվում»,- պարզաբանեց մարզպետը և շարունակեց.- «Ես միշտ մնալու եմ, դուք մի՛ մտահոգվեք»։

Պատասխանելով հարցին, թե իրեն ձեռնտո՞ւ է իշխանափոխությունը՝ հաշվի առնելով, որ իշխանությունների պնդմամբ՝ նոր Սահմանադրությունը հեշտացնում է իշխանափոխության պրոցեսը, Խաչատրյանն ասաց.- «Հո հավերժ չեն լինելու, իշխանափոխություն միշտ էլ լինելու է, էս 25 տարվա մեջ արդեն երեք անգամ իշխանափոխություն է եղել, միշտ էլ լինելու է։ ՀՀԿ-ն ա, հզորն ինքն ա, ինքն է շարունակում։ Լսի՛, կոմունիստներից ուժեղ ռեժիմ չկար, չփոխվե՞ց, հո հավերժ բան չի մնում։ 20-25 տարի առաջ ամենահզոր կուսակցությունը ՀՀՇ-ն էր, չէ՞, բայց փոխվեց, չէ՞»։

Սուրիկ Խաչատրյանը պնդեց, որ մարզպետի պաշտոնում իր երկարակեցության գաղտնիքը «նորմալ աշխատելն է», իսկ Սյունիքում իր և իր մերձավորների տարածած վախի մթնոլորտի մասին պնդումներին էլ հակադարձեց.- «Բա դու խի՞ չես վախում, հլը քեզ հարցնեմ։ Լսե՛ք, էրեխեք, սյունեցին վախկոտ չի, չի էլ կարող վախկոտ լինել»։

«Ինչպե՞ս կարձագանքեք այն պնդումներին, որ իշխանությունը Ձեզ այսքան երկար պահում է մարզպետի պաշտոնում միայն նրա համար, որ ընտրություններում ցանկալի արդյունք ապահովեք», - այս հարցին էլ մարզպետը այսպես պատասխանեց.- «Էդ էլ ա ձեր երևակայության արդյունքը, բայց չեմ կարծում, որ ընտրությունները կապ ունեն, ես կարողանում եմ մարզի խնդիրները լուծել, դրա համար էլ աշխատում եմ։ Երբ որ չկարենամ, չհավատաք, որ իշխանությունները ինձ մեկ օր ավել պահեն»։

Սուրիկ Խաչատրյանը չի կարծում, որ իշխանության հետ խնդիրներ կունենա, եթե Սյունիքում հանրաքվեին գերակշռի «ոչ»-ը.- «Բայց «ոչ»-ը չի հաղթի, էս գլխից իմանաս։ Քեզ ի՞նչ պետք ա բացատրեմ, թե ինչու չի հաղթի, հենց դրա համար չի հաղթի էլի, «ոչ» չի ասի ժողովուրդը, սյունեցին պետական մտածելակերպ ունի։ Երբ որ խնդիրը կապված է պետության հետ, վաղվա օրվա հետ, սյունեցին պատրաստ է «այո» ասելու»,- համոզմունք հայտնեց նա։

Եթե Սյունիքի մարզպետը վստահ է, որ «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը իր ղեկավարած մարզն է ապահովելու, ապա մյուս մարզպետները, ովքեր ղեկավարում են Հանրապետականի «Այո»-ի շտաբները, ավելի զգուշավոր էին խոսում արդյունքների մասին: Ավելին՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, թե իրենց մարզում պասիվություն է նկատվում։

«Եթե խոսենք էսօրվա մասին, մի փոքր պասիվ են, բայց ես համոզված եմ, որ ճիշտ քարոզարշավի դեպքում պասիվությունը կփոխվի։ Ես հիմա չեմ կարող ասել, որ մարզում «այո» կասեն»,- ասաց Նալբանդյանը՝ հավաստիացնելով, որ մարզպետներին չի հրահանգվել կիրառել իրենց վարչական ռեսուրսը.- «Իհարկե, ոչ, մեզ նման հրահանգ երբեք չի տրվում»։

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նույնպես հրաժարվեց հանրաքվեի արդյունքների մասին խոսել՝ ասելով, թե և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցներ կան: Նախորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը այս մարզում պարտվել է ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Ես չեմ կարող նման բաներ ասել, կա ամսի 6, 6-ից հետո հաշվարկ կանեն, մենք էլ, դուք էլ կիմանանք, պահելու բան չէ։ Ես սկզբից եմ ասել, որ ես կողմ չեմ կեղծիքներին»,- հայտարարեց Ցոլակյանը։

XS
SM
MD
LG