Ոստիկանության գործունեությունը գովազդող հոլովակների գլխավոր հերոսներից մեկը՝ «հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակային գրառում էր արել ընդդիմադիր կեցվածք ունեցող երկու ակտիվիստի մասին՝ օգտագործելով խիստ վիրավորական արտահայտություններ։
Հրապարակման ոչ ենթակա այդ գրառման տակ սպան նշել էր, թե արտահայտում է իր անձնական կարծիքը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ոստիկանական ստորաբաժանման հրամանատարի այդօրինակ պահվածքը «մեղմ ասած» անընդունելի է համարում: «Նա պաշտոնատար անձ է, ինչպե՞ս կարող է դա անձնական կարծիք լինել, դա բացառվում է»,- տարակուսում է իրավապաշտպանը:
Ոստիկանության կապիտանի գրառման տակ մեկնաբանություններ թողած մոտ երկու տասնյակ օգտատերերից առնվազն 15-ը ոստիկանության աշխատակիցներ են։ Իսկ հավանություն տվածների շարքում նաև բարձրաստիճան ոստիկաններ կան։ Գևորգ Սաֆարյանը, ում հասցեագրված էին այս վիրավորական արտահայտությունները, գրառումը պարզապես ոստիկանի անձնական կարծիք չի համարում:
«Դա հրահանգով եկած գործողություն է, իրականում հրահանգ է եղել՝ գրել, հետո հրահանգ է եկել գումարտակին՝ դա տարածել: Ոստիկանությունը միանշանակ թշնամաբար է վերաբերվում քաղաքացիական ակտիվիստներին, որը մենք ամեն անգամ մեր մաշկի վրա զգում ենք: Այդ թշնամական վերաբերմունքն է, որ դրդում է ոստիկանին անտեղի հարվածել քաղաքացուն, պատռել նրա շորերը»,- ասում է Սաֆարյանը:
Ընդդիմադիր մեկ այլ ակտիվստ՝ Կարեն Հարությունյանը հիշյալ գրառման տակ ոստիկաններին հորդորել էր մտածել հարցի շուրջ՝ ո՞րն է իրենց նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը, սակայն ինքը ևս արժանանացել է անձամբ Խաչատրյանի և նրա ենթակաների անվայելուչ վիրավորանքներին։
«Թատրոն են խաղում, կամ նույնիսկ կլիպեր են նկարում, որ նայեք՝ ինչ պուպուշ ոստիկաններ ունենք, բայց իրականում տենց չի: Որ նայում ենք ինչեր են գրում՝ պատժելու եմ ես քեզ, սրանից հետո էլ չեմ թողնելու թպրտաք, այսինքն լրիվ սպառնալիքներով են նույնիսկ խոսում»,- ասում է ակտիվիստը:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Վերջերս էլ «հրեշտակների» գումարտակի մեկ այլ ոստիկան «Ֆեսյբուք»-ի իր էջին տեղադրել էր Մաքսիմի լուսանկարը, նույն գումարտակի մեկ այլ ոստիկան էլ՝ Ներսես Հակոբյանը վիրավորական գրառումներ էր արել դրա տակ։ Ակտիվիստների խոսքով, իրենք արդեն չեն էլ զարմանում փողոցում և սոցիալական ցանցերում որոշ ոստիկաների այդ վարքագծից։
«Չհիմնավորված ագրեսիվ են քաղաքացիների հանդեպ, չես էլ հասկանում շատ դեպքերում, թե ինչու», «Ոստիկանի այդ գրառումը ինձ չի զարմացնում, մեր ոստիկանությունն այլ բանի ունակ չի»,- ասում են ակտիվիստները:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է՝ սա դեռ ոստիկանության բարեփոխումների արդյունքում ստեղծված գումարտակն է, որը շարունակ ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում։
«Ես կարծում եմ, որ ոստիկանապետը պետք է որ տեղյակ լինի, որ այս հայհոյախառը գրությունները, անվայել պահվածքը․․․ նույնիսկ մտածում եմ, որ ցուցումի արդյունք է, որ այդ մարդը թույլ է տալիս տարածել էսպես, ու նրան ոչ ոք չի զսպում: Սա ընդհանուր ոստիկանության մտածելակերպն ու վարքագիծն է»:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացանք, որ Գեղամ Խաչատրյանը իր գրառման համար նկատողություն չի ստացել: Ոստիկանության խոսնակի պարզաբանմամբ, նկատողություն չի ստացել, «քանի որ այն տեղադրել է իր անձնական էջում՝ նշելով, որ գրում է ոչ թե որպես ոստիկանության սպա, այլ որպես քաղաքացի»: