Կացարան պահանջող սիրիահայ փախստական Եղյա Քոշկերյանն այսօր դիմել է բողոքի հուսահատ քայլի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դիմաց ինքն իրեն շղթայելով ծառին:
Քոշկերյանը սպառնում էր դանակով կտրել իր որովայնը, եթե նախարարությունից որևէ պաշտոնյա իրեն չմոտենա և հստակ պատասխան չտա կացարանի տրամադրման իր պահանջին:
«Չեմ վստահում ոչ մեկին, արդեն երեք տարի խաբել են, էլ խաբնվելու տեղ չունեմ», -ասում էր նա:
Ինսունականներին Հայաստան տեղափոխված Քոշկերյանն այստեղ հարազատներ չունի, կինը մահացել է, աղջիկն ապրում է արտերկրում: Նախկինում բնակվել է փախստականների ժամանակավոր կացարանում: Երեք տարի առաջ, սակայն, հարկադրված է եղել թողնել այդ կացարանը, քանի որ Հայաստանում ժամանակավոր կացության իրավունք ստանալով՝ զրկվել է փախստականի կարգավիճակից: Այժմ ստիպված է միջազգային կազմակերպությունների օգնությանը դիմել:
«Դուրսն եմ ապրում, փողոցները, միլիցեքն են ինձի կերակրում»,-պատմում է սիրիահայ փախստականն ու պնդում՝ ինքը չի բարձրանալու փոխնախարարի մոտ, քանի որ չի վստահում․ «Թող փոխնախարարը իջնի, կարող է տանեք գլուխս ուտեք, մաֆիա եք դուք»,-ի պատասխան իրեն շրաջապատածների հորդորներին, ասում էր Քոշկերյանը:
Փոխնախարար Արտաշես Բախշյանն այդպես էլ չմոտեցավ բողոքի այդ ծայրահեղ միջոցին դիմած փախստականին, թեև «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քաջածանոթ է Քոշկերյանի պատմությանը: Պետության միջոցները սուղ են, նոր կացարան ստեղծել չեն կարող, եղածներն էլ զբաղված են»,-պարզաբանեց կառավարության ներկայացուցիչն ու շարունակեց․
«Ցավոք սրտի, ազատվում են այն ժամանակ, երբ Աստծո կամոք հեռանում են էս աշխարհից, ազատված սենյակները մենք ուսումնասիրում ենք, որ տեսնենք, թե ով ավելի շատ կարիք ունի: Ամբողջ տարի մենք չենք ունեցել որևէ ազատված սենյակ»:
Երևանում գտնվող ժամանակավոր կացարանի փոխարեն նախարարությունը սիրիահային առաջարկում է շինություն Սիսիանում, որտեղ նա կարող է անասնապահությամբ զբաղվել: Քոշկերյանը, սակայն, հրաժարվում է: Ասում է, որ իրականում իրեն առաջարկում են տեղափոխվել ամայի մի տարածք, որը ոչ տանիք ունի, ոչ պատուհան: «Չեմ ասում Երևանի մեջ տվեք, նորմալ տուն լինի, ցանկացած տեղ թող լինի»:
Նախարարությունն ընդունում է, որ առաջարկվող կացարանը շքեղ չէ, բայց և պարզաբանում է՝ դա է պետության հնարավորությունը, պետությունը պատրաստի տներ չի բաժանում:
Այսօր ավելի ուշ Քոշկերյանն ի վերջո համաձայնեց արձակել շղթաներն ու հանդիպել փոխնախարարին, թեև այդ հանդիպումն էլ որևէ արդյունք չտվեց: Փողոցում հայտնված սիրիահայը կրկին մերժեց Սիսիան տեղափոխվելու առաջարկն ու սպառնաց, որ կդիմի բողոքի ավելի ծայրահեղ քայլերի:
Եղյա Քոշկերյանն ընդգրկված չէ նաև սփյուռքի նախարարության սիրիահայերի աջակցության ծրագրերում, քանի որ Հայաստան է տեղափոխվել սիրիական պատերազմից տարիներ առաջ: