Մատչելիության հղումներ

Սակագնի բարձրացումը կփոխհատուցվի Որոտանի համալիրի վաճառքի գումարից


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետը նաև հավաստիացրեց, թե կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անելու է, որ մինչև տարվա վերջ ապահովվի 2015 թվականի բյուջեով կանխատեսված 4․1 տոկոսի տնտեսական աճը:

Էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի լրացուցիչ 6․93 դրամը կփոխհատուցվի «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված միջոցներից:

Այսօր այս մասին Գյումրիում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդպիսով բացահայտելով սակագնի բարձրացված չափը սուբսիդավորելու հնարավոր աղբյուրների վերաբերյալ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող հարցի պատասխանը:

«Եթե հիշում եք, հանրապետության նախագահը հայտարարեց, նաև կառավարությունն է այդ մասին ասել, որ մինչև աուդիտի ավարտը գործադիրն այդ ծախսը վերցնելու է իր վրա: Դա կլինի արտաբյուջեի հաշվին, Որոտանի օտարման գումարներից»,- ասաց վարչապետը:

Նա նաև վստահեցրեց, թե ամեն ինչ անելու են, որ աուդիտն անցկացվի թափանցիկ. - «Չորս խոշոր կազմակերպություններ են եղել, ուղարկել ենք նաև ռուսական կողմի համաձայնությունը ստանալու, մենք ուզում ենք ընդհանուր որոշում լինի, և նորից եմ կրկնում՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ թափանցիկ, ազնիվ լինի, բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ, փորձելու ենք աուդիտի արդյունքում վերհանել և հանրությանը տեղեկացնել»:

Վարչապետն այլ հարցերի էլ անդրադարձավ: Խոշոր հարկատուների՝ օրերս հրապարակված ցանկից հայտնի դարձավ, որ առաջին կիսամյակում Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով քիչ են հարկ վճարել: Տնտեսական աճ խոստացող Հովիկ Աբրահամյանն այդ ցուցանիշն արտասովոր չի համարում:

«Հարկեր հավաքելը մեր գերնպատակը չէ, եթե դրանք չկան: Հակառակը՝ մեր նպատակն է ստվերը վերհանել և բոլորին պարտադրել վճարել, հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4․5 տոկոս է, բոլոր ոլորտներում ունենք աճ, միայն ունենք ապրանքաշրջանառության մեծ անկում, որը ուղղակի կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Դա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է: Միջազգային կառույցները բոլորը բացասական գնահատական էին տալիս, ի հակառակ իրենց կարծիքի, մենք իրենց հորդորեցինք չշտապել, հիշո՞ւմ եք, մի քանի անգամ ասել ենք, որ երկրորդ կիսամյակում ավելի ակտիվ է լինելու մեր տնտեսությունը: Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր թիմով, կառավարությունով, նախագահի գլխավորությամբ, որ որ մինչև տարվա վերջ այդ տնտեսական աճը մենք ապահովենք: քանի որ 2015 թվականի բյուջեում դրված է 4․1 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Աբրահամյանը:

Այս շաբաթ վարչապետի նախագահությամբ հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը կայացավ: Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, պատճաբանելով, թե կոռուպցիայի դեմ պայքարը Հովիկ Աբրահամյանն ու խորհրդում ընդգրկված ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է իրենցից սկսեն: Այս կապակցությամբ Աբրահամյանը նշեց․ - «Մենք առաջիկայում ամեն ինչ անելու ենք, որ հանրության մոտ, քաղաքացիական հասարակության մոտ վերականգնենք վստահությունը»:

Վարչապետը տեղեկացրեց նաև, թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հնաձնաժողովն արդեն առաջիկա օրերին օրենսդիրների դատին է հանձնելու նոր Սահմանադրության նախագիծը։

Կառավարության ղեկավարն, ի դեպ, Գյումրի էր այցելել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի հետ, ով մտադիր է ներդրումներ անել Գյումրիում:

«Առաջարկել է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք կներկայացնեն Շիրակի գործարարները` միջին բիզնես, փոքր բիզնես, մեծ բիզնես, և ես կարծում եմ՝ դա կնպաստի Շիրակի մարզում տնտեսական ակտիվացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, նաև առաջարկել եմ, որ կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն դոլարի չափով մասնակցություն ունենա, ընդհանուր 12 մլն դոլարով կփորձենք ֆինանսավորել այն բոլոր ծրագրերը, որոնք կներկայացնի Շիրակի գործարար աշխարհը: Եվ ամենակարևորը՝ լինելու է տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, 7 տարի ժամկետով. նման ցածր տոկոսադրույք չկա որևէ բանկում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նաև Գյումրիում 300 աշխատատեղ բացելու խոստում տվեց, վստահեցնելով, թե ամեն ինչ անելու է Շիրակի մարզում տնտեսությունն ակտիվացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG