Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Արևելյան գործընկերության որոշ երկրներում մարդու իրավունքների ակնհայտ վատթարացում է արձանագրում։
Երկու ամիս առաջ հրապարակված զեկույցում եվրոպացի օմբուսմենը քննադատել էր Հայաստանի իշխանություններին՝ մասնավորապես, մտահոգություն հայտնելով, որ «արդարադատությունն ի կատար է ածվում չափաբաժիններով և ընտրողաբար. մի կողմից, իշխանությունների հետ ենթադրաբար կապ ունեցող անձանց նկատմամբ դրսևորվում է մեղմ վերաբերմունք , մյուս կողմից՝ իշխանություններին ընդդիմացողները արժանանում են խիստ վերաբերմունքի և պատիժների»։
Այսօր Ռիգայում Մուժինեկսը ևս մեկ անգամ քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Ա1+ անկախ հեռուստաընկերությանն ավելի քան տասը տարի եթեր չտրամադրելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին տված հարցազրույցում Մուժնիեկսը մտահոգություն է, հայտնել, թե թվային հեռարձակման անցնելուց հետո հայաստանյան լրատվամիջոցներում կարող է նվազել բազմակարծությունը կամ վերալիցենզավորման հարցում կամայական մոտեցումներ լինեն։
«Մտահոգությունս այն է, որ թվայնացումը չվատթարացնի իրավիճակը լրատվական դաշտում», - ասել է Նիլս Մուժնիեկսը։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով, ակնհատորեն վատթարանում է վիճակը Ադրբեջանում, որտեղ ականատես ենք իրավապաշտպանների, բլոգերների, իշխանությունների քննադատների դեմ սկսված լայնածավալ ճնշումների, որոնք հատկապես ակտիվացան անցած ամռանը և շարունակվում են մինչև օրս․ - «Ես բավական հաճախ եմ այս մասին խոսել, նաև միջամտել եմ Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված 5 գործերով»։
Մարդու իրավունքների հարցում ոչ լավատեսական կանխատեսումներ անելով՝ Նիլս Մուժնիեկսը շեշտել է հատկապես Ուկրաինայի ռազմական հակամարտությունը․ - «Ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունները չեն վերահսկում իրադրությունը երկրի մի զգալի մասում. Ուկրաինայի արևելքում հումանիտար ճգնաժամ է, ավելի քան 1 միլիոն բռնի տեղահանվածներ կան»: