Մատչելիության հղումներ

ԵՄ-ի խորհրդարանը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Բանաձևի նախագիծը քննարկվեց Եվրախոհրդարանի լիագումար նիստում:

Եվրոպական Միության խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը, ասված է խորհրդարանի բանաձևի նախագծում, որն այսօր քննարկվեց Ստրասբուրգում:

«[Հայոց ցեղասպանության] հարյուրերորդ տարելիցի շեմին [Եվրոպական խորհրդարանը] հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը», - ասված է բանաձևի նախագծում:

Եվրախորհրդարանը վերահաստատում է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

Այսօր քննարկված փաստաթուղթը առաջարկում է նաև սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր:

Բանաձևի նախագծում նաև կարդում ենք․ - «[Եվրախորհրդարանը] ողջունում է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ցավակցությունները և օսմանյան հայերի դեմ տեղի ունեցած դաժանությունների ընդունումը՝ որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ»:

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը համարելով կարևոր հնարավորություն՝ Եվրախորհրդարանը հորդորում է Թուրքիային շարունակել այդ ուղղությամբ ջանքերը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդպիսով ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:

Նախագծով Եվրամիության օրենսդիր մարմինը նաև կոչ է անում Թուրքիային ու Հայաստանին շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ առանց նախապայմանների վավերացնելով ու կյանքի կոչելով արձանագրությունները, բացել սահմանները:

Սպասվում է, որ ԵՄ խորհրդարանի լիագումար նիստում տեղ գտած այս փաստաթղթի քննարկումը ու քվեարկությունը կավարտվի այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG