Մատչելիության հղումներ

Gallup. Ռուսաստանը գլխավորում է ԱՄՆ-ում իբրև թշնամի ընկալվող երկրների ցանկը


Gallup կենտրոնի լոգոն
Gallup կենտրոնի լոգոն

Ռուսաստանը հակառակորդ համարող ամերիկացիների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 18 տոկոսի:

Gallup կենտրոնի անցկացրած նոր հետազոտության համաձայն` Ռուսաստանը առաջինն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրության կողմից որպես թիվ մեկ թշնամի ընկալվող երկրների ցուցակում։

Հետաքրքիր է, որ 2011-ին Ռուսաստանը թշնամի է համարել ամերիկացիների 3 տոկոսը, 2012-ին` 2 տոկոսը, արդեն սակայն 2014-ին այդ թիվը հասել է 9 տոկոսի։ Եվ ահա 2015-ին տվյալները կրկնապատկվել են` ամերիկացիների 18 տոկոսն է Ռուսաստանը թշնամի համարում։

Այդ «կարգավիճակում» Ռուսաստանն «առաջ է անցել» նույնիսկ Հյուսիսային Կորեայից, որը թիվ մեկ թշնամի է համարում ամերիկացիների 15 տոկոսը։ Երրորդ տեղում 12 տոկոսով այս տարի Չինաստանն է։ Ապա ցուցակում են Իրանը և Իրաքը։ Վեցերորդ տեղում որպես առաձին խումբ են նշվում երկրները, որտեղ գործում են «Իսլամական պետություն» խմբավորման ջոկատները։ 7-րդը իբրև առանձին խումբ Մերձավոր Արևելքն է, ապա՝ Սիրիան, Աֆղանստանը։

Ուշագրավ հանգամանք՝ Միացյալ Նահանգների թշնամիների թվում 10-րդը, ըստ Gallup-ի հարցումների, հենց Ամերիկան է՝ իրենց երկիրը թշնամի են համարում ամերիկացիների 2 տոկոսը։

11-13-րդ տեղերում են Ճապոնիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը։

Հարցումը Gallup-ն անցկացրել է այս տարվա փետրվարի 8-11-ը։ Ըստ հետազոտական կենտրոնի, հարցվածների գրեթե կեսը` 49 տոկոսը, լուրջ սպառնալիք է համարում Ռուսաստանի զինված ուժերը: Անցյալ տարի այդպես է մտածել ամերիկացիների 32 տոկոսը։

Սակայն ամերիկացիների մեծ մասը ռուսական գործոնից ավելի վտանգավոր սպառնալիք է համարում միջազգային ահաբեկչությունը, «Իսլամական պետություն» զինյալ շարժումը և Իրանի միջուկային ծրագիրը։

Gallup-ի փորձագետները նշում են, որ «սառը պատերազմի» ավարտից հետո ամերիկացիների մեծամասնությունը, որպես կանոն, դրական վերաբերմունք է ունեցել Ռուսաստանի նկատմամբ։

Բացասական միտումներն ի հայտ են եկել 1999 թվականին, երբ սրվել է Կոսովոյի խնդիրը, 2003-ին, ինչը համընկել է Իրաքի պատերազմին, և 2008-ին, երբ Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի վրա։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք` ամերիկացիները 18 տոկոսը Ռուսաստանն ընկալում է որպես թիվ մեկ հակառակորդ, բայց է՛լ ավելի մեծ թվով մարդիկ` հարցվածների 72 տոկոսը, բացասական վերաբերմունք ունեն անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ։

Բացասական միտումների հիմնական պատճառներից մեկը ռուս - ուկրաինական հակամարտությունն է։

Gallup-ի փորձագետները նշում են, որ այս բացասական տրամադրությունները փոխադարձ են. 2014 թվականի ապրիլ-հունիսին Ռուսաստանում կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ երկրի բնակիչների 82 տոկոսը բացասական է գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությունը աշխարհում։

Gallup. Ռուսաստանը գլխավորում է ԱՄՆ-ում իբրև թշնամի ընկալվող երկրների ցանկը
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG