Ամերիկյան փորձագետների համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն կողմերի անմիջական պայմանավորվածությունների արդյունքում։
«Մինսկի խմբի գործունեությունն իրականում անօգուտ է», - ասում է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքը՝ նշելով, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ խնդրի կարգավորմամբ, իսկ Միացյալ Նահանգները անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ։
«ԱՄՆ-ը Կովկասում պասիվ քաղաքականություն է իրականացնում և չի տեսնում տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը, ու քանի դեռ դա այդպես է, ցավոք, հակամարտության կարգավորման առումով լուրջ փոփոխություններ չեն լինելու», - ասում է Բլանքը:
Այս կարծիքը չի կիսում Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Ալսթադը։ Նրա խոսքով, Վաշինգտոնում խոսվում է կողմերին ուղղակի բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասին, ինչը թեև դեմ է Մոսկվայի քաղաքականությանը, սակայն անհրաժեշտ է հարցի կարգավորման համար:
«Գուցե, ժամանակն է գնալ հոսանքին հակառակ և չառաջնորդվել Ռուսաստանի շահերով, քանի որ Ռուսաստանի շահը կայանում է հակամարտությունը սառեցված փուլում պահելու մեջ», - ասում է Ալսթադը:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆի կարծիքով, Մոսկվան փորձելու է որքան հնարավոր է երկար պահպանել սառեցված հակամարտությունը Ղարաբաղում, իսկ Սթիվեն Բլանքի համոզմամբ, ղարաբաղյան հարցը սառեցված չի կարելի համարել։
«Իրավիճակը չափազանց լարված է և ռազմական գործողությունների վերսկսման լուրջ վտանգ կա», - ասում է փորձագետն՝ ընդգծելով, որ Մոսկվան զենք է վաճառում հակամարտող բոլոր կողմերին։
Ըստ նրա, եթե Ադրբեջանին Ռուսաստանը վաճառում է արդիական ու թանկարժեք զենքեր, ապա Հայաստանին բաժին է հասնում ավելի հին զենքեր, որոնք ձեռք են բերվում Չեռնոգորիայի տարածքով ու անհամեմատ մատչելի գներով:
«Այսպիսով՝ Ռուսաստանն այնքան շատ գումար է աշխատում Ադրբեջանից, որ կարող է իրեն թույլ տալ Հայաստանին մատչելի զենք վաճառել ու Ադրբեջանն այս առումով ֆինանսապես ձեռնտու է Ռուսաստանին», - ասում է Բլանքը: