Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը ՀՀ քաղաքացիների հետ հանելուկներով է խոսում. Փաշինյան


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պարզաբանումներ տալու փոխարեն Հայաստանի քաղաքացիների հետ հանելուկներով է խոսում, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը փորձելու է անպատասխան մնացած հարցերի շուրջ խորհրդարանական չորս հանձնաժողովների արտահերթ նիստ հրավիրել:

«Փաստն այն է, որ մինչև հիմա ՀՀ քննիչը չի կարողացել հանդիպել կասկածյալի հետ։ Հիմա էլ Գևորգ Կոստանյանն ասում է՝ հանրապետության տարածքում։ Ի՞նչ նկատի ունի... ռուսական ռազմաբազայի տարածքը դե յուրե համարվում է ՌԴ տարածք։ Եթե դա ՀՀ տարածք է, ինչո՞ւ չեն մտնում ՀՀ ոստիկանները և բերման ենթարկում, ձերբակալում կասկածյալին»,- ասաց պատգամավորը։

«Քանի որ ՀՀ իրավապահ մարմինները այդպես էլ լրագրողների հարցերին հստակ պատասխան չեն տալիս, ես կարծում եմ, որ ԱԺ-ում պետք է տեղի ունենա մի քանի հանձնաժողովների համատեղ նիստ և համապատասխան մարմինները պետք է տան համապատասխան գնահատականներ։ Էլ չեմ ասում՝ Ազգային անվտանգության ծառայության հետ կապված ինչ հարց կա։ Մենք տեսնում ենք, որ Գյումրիում ռուս զինվորները ավտոմատներով ինչ-որ գործողություններ են անում»,- նկատեց Փաշինյանը։

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Գևորգ Կոստանյանը դիտմամբ է բազմաթիվ տերմիններով խճճում իրավիճակը՝ Հայաստանի քաղաքացիներից օտարելով արդարադատությանը մասնակցելու իրենց իրավունքը:

«Նա կատարում է քաղաքական պատվեր։ Հատուկ բառակապակցություններ է օգտագործում, որպեսզի խեղաթյուրի... այո, կարող է օգտագործել «ՀՀ տարածք» բառակապակցությունը, բայց ոչ ՀՀ իրավազորության ներքո։ Այսինքն մեր իշխանությունները տվյալ գործի հետ ընդհանրապես կապ չեն ունենա, որովհետև այս պահին չունեն արգելանքի տակ վերցված ենթադրյալ հանցագործի կամ հանցագործների և այդ հանցագործության նկատմամբ որևէ վերահսկողություն։ Մեզանից օտարված է մեր իրավունքը։ Մենք հնարավորություն չունենք մասնակիցը լինելու արդարադատության՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր իրավունքների վերականգնման»,- ասաց Փոստանջյանը։

Ազգային ժողովի խոսնակ, հանրապետական Գալուստ Սահակյանը՝ բազմամարդ բողոքի ցույցերը վշտի արտահայտություն է համարում, և նշում է՝ հարցը իրավական հարթությունում է լուծվելու:

«Ցավի արտահայտություն է։ Իհարկե, ցանկությունների առումով բոլորս միակարծիք ենք, բայց խնդիրը պետք է լուծվի իրավական դաշտում։ Այսօր էլ բանակցություններ են գնում, որպեսզի հնարավորինս ավելի վստահելի ձևով պրոցեսները ընթանան և մեր ժողովուրդը դրանով ինչ-որ մի ձևով ամոքվի»,- ասաց ԱԺ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG