Կրթության նախարարությունից հաստատում են՝ այս տարվա բյուջեով «Դպրոց կենտրոնների միություն» հասարակական կազմակերպությունը կստանա 20 միլիոն դրամ՝ մոտ 42 հազար դոլար դպրոցների ցանց ստեղծելու համար։
Այս հատկացումը հնչեղություն չէր ստանա, եթե կազմակերպության հիմնադիր նախագահը հանրապետական պատգամավոր Ռուզանա Մուրադյանը չլիներ, իսկ կազմակերպության գործադիր տնօրենը՝ նրա դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը։
Կոռուպցիոն ռիսկ, շահերի բախում այս հարցում Կրթության նախարարությունը չի տեսնում, ասում է նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։
«Որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարևորը գործն է, որն իրականացվում է, կա արդյունք։ Ես չեմ տեսնում կուսակցական խնդիր, չեմ տեսնում որևէ շահի բախում։ Տեսնում եմ գործունեություն, որը ակտիվ է, նվիրական է»,- «Ազատությանը» ասաց Հովհաննիսյանը։
Պետական ֆինանսական կառավարման հարցերով փորձագետ Արտակ Քյուրումյանը մեկն է, ով տարիներ առաջ հետազոտության արդյունքում բացահայտեց, որ տասնյակ կազմակերպություններ դրամաշնորհ են ստացել նախագահականից, սակայն իրական գործունեություն չեն ծավալում և նույնիսկ չեն աշխատում գրանցված հասցեում։ Այս դեպքում էլ կասկածներ ունի, ասում է՝ պետական հատկացումներ կատարելու համար պետք է լինեն հստակ չափանիշներ։
«Եթե մեխանիզմները հստակ ու հավասար են բոլորի համար, այսինքն բոլոր կազմակերպությունները հնարավորություն ունեն մասնակցելու ինչ-որ գործընթացների և դրանք անցնելուց հետո գումարներ ստանալ պետական բյուջեից, ապա դրանք կասկած չեն հարուցի։ Եթե մի կոնկրետ կազմակերպություն բյուջեից գումար է ստանում, իհարկե, նման դեպքերը առանձին ուսումնասիրության կարիք ունեն, այդտեղ կարող են լինել որոշակի ռիսկեր»,- ասաց Քյուրումյանը։
Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը այսօր չպատասխանեց մեր զանգերին ու հաղորդագրություններին, բայց «Գալա»-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ 20 միլիոնը ծախսվելու է դպրոցների տնօրենների ցանց ստեղծելու, ամենամսյա հավաքները, կլոր-սեղան քննարկումներ կազմակերպելու համար։
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին խնդրեցինք մտաբերել իշխանության ներկայացուցիչների հետ կապ չունեցող կրթության ոլորտի որևէ հասարակական կազմակերպություն, որը պետական դրամաշնորհ է ստացել վերջին տարիներին. չկարողացավ։Ոչ մի պատահական կազմակերպություն ոչ մի կոպեկ էլ չի ստանա, ասաց նա։
Բախշյանը նաև հավելեց՝ կրթության ոլորտը Հայաստանում անուշադրության է մատնված ու այդ պատճառով ուրախ է, որ գոնե ինչ-որ գումար է հատկացվելու է, թեև համաձայն է, որ այստեղ վճռորոշ է եղել ոչ թե, օրինակ, կազմակերպության ներկայացրած ծրագրի որակը, այլ հանրապետական պատգամավորի դերը։
«Լավ է, որ գոնե Մուրադյան Ռուզաննան է դրա ղեկավարը և ֆինանսավորվում է։ Լինեի ես, հաստատ չէի ֆինանսավորվի»,- նկատեց Բախշյանը։