Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որտեղ առանց օրինական փաստաթղթերի բնակություն հաստատած մարդիկ կարող են ստանալ վարորդական իրավունք, այսինքն՝ որևէ տեղ չգրանցված անձինք կարող են ստանալ օրինական առաջին փաստաթուղթը։
Սպասվում է, որ այստեղ այդ փաստաթուղթը ստանալու համար կդիմեն միլիոնավոր անօրինական փախստականներ։
Նրանք ուրախ են, որ ի վերջո ունեն ամերիկյան որևէ փաստաթուղթ ստանալու հնարավորություն։ Չէ՞ որ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելը նրանց շարունակ պահել է ոստիկանության կողմից ձերբակալվելու վտանգի տակ։
Սակայն ոչ բոլորն են ոգևորված այս նոր օրենքով։ Ոմանց անհանգստացնում է այն հանգամանքը, որ, վարորդական իրավունք ստանալով, իրենց անձի մասին տեղեկությունները կարող են հեշտությամբ հասնել ներգաղթի հարցերով զբաղվող հաստատություններ, որոնք էլ կարող են իրենց հայտնաբերել ու ցանկացած պահի վտարել երկրից։ Բայց, ինչպես Կալիֆորնիայի ավտոմեքենաների վարչության խոսնակ Արմանդո Բոթեյոն է ասում, անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս վարչությունն իր տրամադրության տակ եղած տեղեկությունները չի հանձնում իշխանություններին, բացի այն դեպքերից, երբ առկա է քրեական հանցագործություն կամ զանցանք։
Ի դեպ, վարորդական այս իրավունքը նման է սովորական վարորդական իրավունքին՝ մեկ բացառությամբ։ Դրա վերին աջ անկյունում գրված են ՝«Առկա են դաշնային սահմանափակումներ»։ Այդ փաստաթղթով վարորդն իր ավտոմեքենան չի կարող տեղափոխել այլ երկիր, ոչ էլ կարող է մուտք գործել դաշնային որևէ հաստատության ավտոկայանատեղի։
Նոր օրենքը հարուցում է նաև այլ մտավախություն, որ այն ինչ-որ կերպ պարգևատրում է նրանց, ովքեր տարիներ շարունակ օրենքը ոտնահարելով անօրինական կերպով բնակվում ու աշխատում են ԱՄՆ-ում։
Բայց, ինչպես Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դասախոսներից Դեն Շնուրն է ասում, անօրինական փախստականության նկատմամբ հատկապես Կալիֆորնիայի բնակչության ընդհանուր վերաբերմունքը վերջին տարիների ընթացքում դարձել է ավելի հանդրուժողական։ Նույնիսկ սպիտակամորթ ընտրողների նկատելի հատվածն է այսօր պաշտպանում երկրի ներգաղթի մասին օրենքներում բարեփոխումներ անցկացնելու առաջարկը։ Պատճառն այն է, որ նրանք այսօր ապրում են շատ ավելի բազմամշակույթ մի երկրում, քան իրենց ծնողները։
Ու նրանք կարծում են, որ այս մարդկանց, ովքեր, թեև առանց փաստաթղթերի, այստեղ ապրում են երկար տարիներ, այլևս անհնար է վտարել։ Պարզապես հարկավոր է ընդունել նրանց գոյությունը։