Վրաստանում նոր տարին սկսվում է քաղաքական սկանդալով․ ընդդիմությունը իշխանություններից պահանջում է չեղյալ հայտարարել ռուսաստանցի գործարար Դավիթ Յակուբաշվիլուն պատկանող Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված պայմանագիրը, որով վերջինը ստանում է առաջինի արժեթղթերի 49 տոկոսը:
Նշենք, որ Petrokas-ին են պատկանում Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Փոթիի նավթային տերմինալները:
Ընդդիմադիրների պնդմամբ՝ Роснефть-ն ակտիվորեն աշխատում է Աբխազիայում, ուստի կնքված գործարքը հակասում է Վրաստանի օրենքներին:
Վրաստանի իշխանությունները, սակայն, չեն շտապում կոշտ քայլեր ձեռնարկել, քանի որ չեն ցանկանում սրել Մոսկվայի հետ հարաբերությունները:
Միխեիլ Սաակաշվիլու ստեղծած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը իշխանություններից պահանջում է անհապաղ չեղյալ հայտարարել Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված գործարքը: Ընդդիմադիրները համարում են, որ վտանգավոր է Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող Роснефть-ի նման հսկա ընկերության ներթափանցումը Վրաստանի տնտեսություն: «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Դարչիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ հարցազրույցում ասել է․ - «Կասկած չկա, որ Роснефть-ի այս գործարքը Պուտինի քաղաքականության քայլերից մեկն է: Եվ դա միայն առաջին քայլն է»:
Petrokas-ի փոխնախագահ Նիկո Մչեդլիշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է գործարքի մասին լուրը՝ ընդգծելով սակայն, որ ռուսաստանյան ընկերությանը պատկանում է արժեթղթերի միայն 49 տոկոսը, իսկ վերահսկիչ փաթեթը շարունակում է տնօրինել Յակուբաշվիլին:
Դավիթ Յակուբաշվիլին, հիշեցնենք, բնակվում է Մոսկվայում:
Մչեդլիշվիլիի խոսքով՝ Роснефть-ի մատակարարած էներգակիրները Փոթիից են տեղափոխվում Հայաստան, և դա է պատճառը, որ ընկերությունը գնել է Petrokas-ի արժեթղթերը: Նա նաև չի համարում, թե օրենք է խախտվել, քանի որ արժեթղթերը գնել է Роснефть հոլդինգին պատկանող ընկերություններից մեկը, որն Աբխազիայում չի գործում:
Իսկ Վրաստանի իշխանությունների փաստարկը հետևյալն է․ պետությունը չի միջամտում մասնավոր ընկերությունների գործունեությանը, ուստի պաշտոնական Թբիլիսին չի շտապում չեղյալ հայտարարել գործարքը:
Տեղին է թերևս հիշեցնել, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը երկրի նախկին վարչապետ, ռուսաստանաբնակ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է: