Քիչ առաջ Բաքվի Սաբաիլ շրջանի դատարանը «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:
Նրան կալանավորելու միջնորդությամբ դատարան էր դիմել դատախազությունը:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Իսմայլովային դատախազություն են կանչել այսօր առավոտյան: Այստեղ դատախազը հանդես է եկել նրան կալանավորելու միջնորդությամբ և Իսմայլովան կանչվել է դատարան՝ ներկա լինելու միջնորդության քննությանը:
Լրագրողի ընկերների փոխանցմամբ, Իսմայլովային դատախազություն են կանչել Թուրալ Մուստաֆաևի գործով, ով փորձել էր ինքնասպանություն գործել:
Լրագրողին կալանավորելու միջնորդությունը քննվել է առանց նրա փաստաբանի մասնակցության: Լրագրողը բարեկամներին խնդրել է բերել իր դեղերը և հագուստը:
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայլովայի դեմ նաև գործ է հարուցվել նախկինում ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլման Հասանովի դիմումի հիման վրա: Նա հիմա հայտնի է Էլման Թյուրքօղլու անունով: Վերջինս Իսմայլովային մեղադրել է իրեն զրպարտելու մեջ:
Խադիջա Իսմայովան իր դեմ մեղադրանքները անհիմն է համարում, ցույց տալով, որ իր կողմից տարածված նյութերում Էլման Թյուրքօղլու անունը ընդհանրապես չկա: Լրագրողը գտնում է, որ իր դեմ սարքած գործի հետևում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները:
Իսմայիլովան տասնյակ աղմկահարուց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի: