Մատչելիության հղումներ

Ադրբեջանում տնտեսական աճի տեմպերի նվազում է արձանագրվել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահում է կառավարության նիստը, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահում է կառավարության նիստը, արխիվ

Դա, սակայն, Բաքվին հետ չի պահում մեծ ներդրումներ պահանջող ծրագրերի իրագործումից:

«Հայաստանը շարունակում է անտեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոյի անթույլատրելիության մասին պնդումները», - երեկ Բաքվում կառավարության նիստի ժամանակ դիմելով նախարարներին՝ բողոքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ցավոք սրտի, ստատուս քվոյի անթույլատրելիության մասին հայտարարող ուժերը որևէ գործնական քայլի այդպես էլ չեն դիմում», - ասել է նա:

Ալիևը նախագահությամբ անցնող կառավարության երեկվա նիստի գլխավոր օրակարգային թեման, սակայն, ոչ թե ղարաբաղյան կարգավորումն էր, այլ երկրում 2014 թվականի առաջին 9 ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների ամփոփումը:

Իլհամ Ալիևը դրանք բավական լավատեսորեն էր գնահատում` նշելով, թե ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին համախառն ներքին արտադրանքի աճը Ադրբեջանում կազմել է 2․5 տոկոս: Համեմատության համար, սակայն, նշենք, որ ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի` այս տարեսկզբին հնչեցրած հայտարարության, 2013-ին ՀՆԱ-ի աճի ցուցանիշը երկրում կրկնապատիկ ավելին էր` շուրջ 6 տոկոս:

Տնտեսական աճի տեմպերի որոշակի նվազումը, սակայն, Ադրբեջանին հետ չի պահում մեծ ներդրումներ պահանջող ծրագրերի իրագործումից:

2015-ին Բաքվում կկայանան առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, որոնց կազմակերպման վրա ադրբեջանական իշխանությունները մոտ մեկ միլիարդ ամերիկյան դոլար են ծախսել: Երեկ նաև հայտնի դարձավ, որ 2016-ին Ադրբեջանը պատրաստվում է Բաքվում կազմակերպել «Ֆորմուլա-1»-ի մրցումներ․ այդ նպատակով, ըստ նախնական տվյալների, կծախսվի շուրջ 40 միլիոն եվրո: Բաքվում շարունակվում է նաև գերժամանակակից նավահանգստի շինարարությունը, որի ընդհանուր տարածքը միայն 400 հեկտար է կազմելու:

Այս բոլոր հավակնոտ ծրագրերի ֆոնին, այդուհանդերձ, Ադրբեջանի կառավարությունը որպես տնտեսության շարժիչ ուժ շարունակում է դիտարկել էներգակիրների արտահանումը: Եթե անցած տասնամյակի աստղաբաշխական բյուջետային մուտքերը հիմնականում ապահովվում էին Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շահագործման շնորհիվ, ապա այժմ հիմնական հույսերը կապված են «Հարավային գազային միջանցք» նախագծի հետ:

«Դա մեր նախաձեռնությունն է, դրանք մեր ռեսուրներն են, և համոզված եմ, որ մոտ ապագայում «Հարավային գազային միջանցքը» կկառուցվի ու շահագործման կհանձնվի: Դա կնպաստի Ադրբեջանի քաղաքական կշռի մեծացմանը, խողովակաշարերի կառուցման ընթացքում Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ապահովված կլինեն աշխատանքով: Դա մի նախագիծ է, որ մեր երկրին մեծ շահույթներ և քաղաքական դիվիդենտներ կապահովի», - հայտարարեց Ալիևը:

«Հարավային գազային միջանցքի» շինարարությունը մեկնարկեց սեպտեմբերի 20-ին` Բաքվի մերձակայքում գտնվող Սանղաչալի տերմինալից: Ադրբեջանից Վրաստանի և Թուրքիայի տարածքով դեպի Հարավային Եվրոպա կառուցվող գազատարի շինարարության ընդհանուր ֆինանսական արժեքը կազմելու 45-50 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG