Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Իլհամ Ալիևի հետ իմ բարեկամությունը տեղափոխվել է միջպետական մակարդակ»


Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մինսկում, արխիվ
Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մինսկում, արխիվ

Բելառուսի նախագահը շարունակական աջակցություն է խոստանում Ադրբեջանին:

«Աստված տա բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպիսիք ձևավորվել են Ադրբեջանի հետ», - երեկ հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մինսկ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների մեկնարկին:

Ըստ Բելառուսի նախագահի՝ Բաքվի և Մինսկի երկկողմ սերտ հարաբերությունների հիմքն իր անձնական ջերմ կապերն են Իլհամ Ալիևի հետ: «Մենք հիանալի անձնական հարաբերություններ ունենք Ադրբեջանի նախագահի հետ: Ես նրան եմ վստահում, նա էլ՝ ինձ: Այդ անձնական լավ հարաբերությունները տեղափոխվել են միջպետական մակարդակ: Մեր միջպետական հարաբերությունները ևս հիանալի են», - հայտարարեց Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ պաշտոնական Բաքուն դժվարին պահերին մշտապես օգնության է հասել Բելառուսին: Ըստ ամենայնի, նա նկատի ուներ 2010 թվականի ամռան իրադարձությունները, երբ Մինսկի և Մոսկվայի միջև ծագած հերթական լարվածության ֆոնին Ալիևի հատուկ հրահանգով Ադրբեջանի կառավարությունը հաշվված ժամերի ընթացքում Բելառուսին 200 միլիոն դոլարի վարկ տրամադրեց: «Եթե որևէ մեկը մեզ օգնության ձեռք է մեկնում` մենք դա շատ երկար չենք մոռանում», - նշում էր Բելառուսի նախագահը:

«Դուք երբեք մեզ դժբախտության պահին չեք լքել: Դժվարին պահերին դուք միշտ մեզ օժանդակել եք ու աջակցել: Մենք դա հիշում ենք, այնպես որ, եթե ինչ-որ մեկի մոտ հարցեր են ծագում, թե ինչու է մեր բարեկամությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ այս աստիճան սերտ, միայն մի բան կարող եմ ասել` այլ կերպ չէր էլ կարող լինել», - ասաց Լուկաշենկոն՝ շարունակելով․ - «Առկա հնարավորությունների կամ նույնիսկ դրանց բացակայության պայմաններում մենք էլ ենք աջակցում Ադրբեջանին և հետագայում շարունակելու ենք նույն կերպ վարվել: Մենք երբեք մեր առջև նպատակ չենք դրել համագործակցել կամ բարեկամություն հաստատել ընդդեմ որևէ մեկի»:

Ադրբեջանական լրատվամիջոցների որոշ տեղեկությունների համաձայն՝ Էլմար Մամեդյարովի Բելառուս այցի օրակարգում նաև Հայաստանի առաջիկա անդամակցությունն է Մաքսային միությանը: Բանակցությունների` լրագրողների համար բաց հատվածներում, ինչպես նաև մամուլի ասուլիսների ժամանակ, սակայն, թե՛ Բելառուսի և թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչները այս թեման շրջանցեցին` գերադասելով կենտրոնանալ երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման թեմայի շուրջ:

Իր բելառուս պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների ավարտին Էլմար Մամեդյարովը նույնիսկ չբացառեց բելառուսական ընկերությունների մասնակցությունը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ նախագծերի իրագործմանը:

«Բառացիորեն վերջերս Ադրբեջանում ստորագրվեց «Հարավային գազային միջանցքի» շինարարության մասին պայմանագիրը: Դա կասպիական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով դեպի Հարավային Եվրոպայի պետություններ` Հունաստան, Ալբանիա, Իտալիա տեղափոխելու նպատակով կառուցվող գազատարերի ահռելի մի ծրագիր է: Դրա շրջանակներում առաջիկա 5 տարիներին 50 միլիարդի ներդրում է իրականացվելու: Դա նաև հրաշալի հնարավորություն է, որպեսզի մեր բարեկամ պետությունները իրենց ընկերությունների միջոցով գան և աշխատեն այդ հատվածում», - հայտարարեց Մամեդյարովը:

Մակեյի խոսքով՝ պաշտոնական Մինսկը ցանկանում է կարճ ժամանակահատվածում կրկնապատկել Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ծավալները:

«Ապրանքաշրջանառության ծավալն այժմ հասել է գրեթե 300 միլիոն դոլարի, բայց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը դրանով չի սպառվել: Մեր առջև նպատակ է դրվել կրկնապատկել այդ ցուցանիշը, հնարավորություն դեպքում անգամ այդ ցուցանիշը ևս գերազանցելով», - հայտարարեց Բելառուսի արտաքին գործերի նախարարը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ, սակայն, Ադրբեջանի հետ երկկողմ ապրանքաշրջանառության կրկնապատկումն անգամ բավականաչափ հավակնոտ ծրագիր չէ:

«300 կամ նույնիսկ 500 միլիոն դոլարի ապրանքաշրջանառության մասին խոսելը պարզապես ամոթ է: Մենք պետք է Ադրբեջանը դարձնենք մեր այն հենակետը, որտեղ բազմաթիվ ժամանակակից ապրանքների արտադրություն կկազմակերպվի: Դա կլինի արդեն համատեղ բելառուսա-ադրբեջանական արտադրանք: Հետագայում էլ, հենց Ադրբեջանի տարածքից այդ արտադրանքը կվաճառվի ողջ տարածաշրջանում», - հայտարարում էր Բելառուսի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG