Մատչելիության հղումներ

Ադրբեջանում տրվեց Հայաստանը շրջանցող հերթական էներգետիկ նախագծի մեկնարկը


«Հարավային գազային միջանցքի» շինարարության մեկնարկը 21-րդ դարի պայմանագիրն է», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Շրջադարձային կետ Եվրոպայի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցության պատմության մեջ․ այսպես են բնութագրում այն իրադարձությունը, որ տեղի ունեցավ երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին, Բաքվից ոչ հեռու գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում:

Այստեղ մի շարք պետությունների նախագահների և վարչապետերի մանակցությամբ կայացավ Հայաստանն ու Ռուսաստանը շրջանցող հերթական էներգետիկ նախագծի` «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը:

Խողովակաշարի շինարարարության մեկնարկն ազդարարող այս արարողությանը տանտիրոջից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից բացի ներկա էին Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի` British Petroleum-ի ղեկավար Ռոբերտ Դադլին:

Ինչպես և կասպիական էներգակիրների եվրոպական շուկա արտահանման նախորդ բոլոր ծրագերի դեպքում, այս անգամ էլ առանցքային դերատարությունը վերապահված է Վրաստանին: Այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում նշում էր․ - «Վրաստանը այս նախագծի գլխավոր մասնակիցներից է և ամենամեծ ավանդ ներդնող կողմերից մեկը: Այս նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիարդ դոլար: Այդ գումարի մի մասը` մոտ 2 միլիարդ դոլարը ուղղակիորեն ներդրվելու է Վրաստանում` նպաստելով հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, 21-րդ դարին հարիր այս ծրագիրը և դրանում մեր երկրի մասնակցությունը մեկ անգամ ևս վկայում են` Վրաստանը կայուն տարանցիկ պետություն է»:

«Հարավային գազային միջանցքը» կառուցվելու է արդեն իսկ գործող Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարին զուգահեռ: Ադրբեջանով անցող խողովակաշարը Վրաստանի Գարդաբանիի շրջանում կմիանա պոմպակայանին, և արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարով Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կտեղափոխվի Թուրքիա: Այս երկրի տարածքում կառուցվելիք մեկ այլ հզոր խողովակաշար էլ` Տրանս-Անատոլիական գազատարը՝ TANAP-ը կասպիական գազը կարտահանի դեպի Հարավային Եվրոպայի շուկաներ` Հունաստան, Բուլղարիա, Ալբանիա և Իտալիա: British Petroleum նավթային ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլիի խոսքով` «Հարավային գազային միջանցքի» ընդհանուր երկարությունը 3 հազար 600 կիլոմետր է կազմելու:

Նշենք, ի դեպ, որ «Հարավային գազային միջանցքի» շինարարության մեկնարկի համար ադրբեջանական իշխանությունները պատահականորեն չէին ընտրել հենց սեպտեմբերի 20-ը: Ուղիղ 20 տարի առաջ` 1994 թվականի սեպտեմբերի 20-ին կնքվեց այսպես կոչված «Դարի պայմանագիրը», որով մեկնարկեց Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շինարարությունը:

Այս երկու իրադարձությունների միջև զուգահեռներ անցկացնելով` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, որ Սանղաչալում կազմակերպված միջոցառման մասնակիցներին միացել էր Բրյուսելից` ուղիղ հեռուստակամրջի միջոցով, հայտարարում էր․ - «Հարավային գազային միջանցքի» շինարարության մեկնարկը 21-րդ դարի պայմանագիրն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG