Մատչելիության հղումներ

Խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի աշխատանքը


«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանն ասում է՝ իրենց կայքում տեղի ունեցածի մասին պատմող հոդվածը ոստիկանությունը պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին:

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, դահլիճին կից ճեմասրահում տհաճ միջադեպ է արձանագրվել: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, այնուհետև իրեն ուղեկցողներին հրահանգել՝ ջնջել լրագրողի հեռախոսում եղած տեսանկարահանած կադրերը:

Արտյուշա Կարապետյանին հունից հանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի դիտարկումը, թե Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչները դժգոհում են Կարապետյանի ծավալած գործունեությունից: Սա լսելուն պես Կարապետյանը կոպտորեն խլել է Թագուհի Հովհաննիսյանի ձայնագրիչը, իսկ երբ լրագրողը, այնուամենայնիվ, փորձել է ստանալ իր հարցի պատասխանը, Կարապետյանը հրահանգել է «կորցնել» լրագրողին:

«Մոտեցա ասում եմ՝ ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ չեք ուզում մեկնաբանել, ձայնագրիչս վերցրեց և նետեց սեղանին։ Ձայնագրիչս փշուր-փշուր եղավ, հետո ինքը դուրս եկավ, իրա հետևից՝ ևս երեք բավականին թափով տղամարդ, ասում եմ՝ ինչո՞ւ եք խոչընդոտում իմ աշխատանքը, և նկարում եմ հեռախոսով։ Թեքվեց, իր հետևից եկող տղամարդկանց ասեց՝ «սրան էստեղից տարեք» ու ինքն արագ-արագ գնաց։ Տղամարդկանցից մեկը հեռախոսը ձեռքիցս խլեց, ուզում էր նետել ջուրը, բայց չարեց, հեռախոսիս միջից ջնջեցին ձայնագրությունը, հետո վերադարձրեց»,-«Ազատության» հետ զրույցում պատմեց լրագրողը։

Համաժողովի սրահ վերադառնալուն պես լրագրողը պարզել է, որ ջարդ ու փշուր եղած իր ձայնագրիչից նույնպես ջնջվել է ձայնագրված նյութը: Երբ քիչ ավելի ուշ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը փորձել է պարզել միջադեպի դրդապատճառը, համաժողովի մասնակիցներից Սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թևոս Ներսիսյանը կասկածի տակ է դրել ձայնագրությունը ջնջելու փաստը, իսկ Գևորգյանին հորդորել է կոռեկտ լինել։

«Չգիտեմ՝ եղել է ձայնագրություն, չի եղել, ջնջվել է, չի ջնջվել»,- ասել է Ներսիսյանը։

Hayeli.am տեղեկատվական կայքի տարածած տեղեկության համաձայն՝ «Նաիրի» ասոցիացիայի ղեկավարի՝ Ալմաթիում կայացած ընտրությունն անցել է փակ դռների հետևում՝ առանց տեղի հայերի մասնակցության: Նույն հրապարակման համաձայն՝ դեռևս 2004 թվականին Ալմաթիում «Հայկական տուն» կոչվող շենքը կառուցելու համար 11 հազար դոլար է հատկացրել նաև Արտյուշա Կարապետյանը, սակայն ոչ թե որպես նվիրատվություն, այլ պարտք: Որոշ ժամանակ անց նա իր պարտքը ետ է պահանջել, ու քանի որ հայկական համայնքը գումար չի ունեցել, Կարապետյանը սպառնացել է պարտքի դիմաց վերցնել «Հայկական տունը» և այն օգտագործել սեփական կարիքների համար։

Ալմաթիի առաջին հայկական համայնքային կենտրոնի հիմնադիր, ակադեմիկոս Ռուդիկ Մնացականյանը ներկաներից է լսել միջադեպի մասին, իրենց պատվիրակությունում ընդգրկված Արտյուշա Կարապետյանի արարքը նա քննադատեց։

Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Զոհրաբյանը ներկաներին հորդորեց չուռճացնել տեղի ունեցածը։ Ասաց, որ իրենք նույնպես վրդովված են, բայց այս պահին ոչինչ չեն կարող ասել Արտյուշա Կարապետյանին՝ բարեկամական զրույցից բացի։ Վերջինս, ըստ Զոհրաբյանի, լքել է միջոցառման տարածքը։

«Բոլորը զայրացել, հուզվել, զարմացել էին, ըստ երևույթին, ինքն էլ է նեղսրտել, որովհետև դրանից հետո նա այլևս չի մնացել այստեղ»,- փոխանցեց Զոհրաբյանը։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ազատությունից» տեղեկացավ միջադեպի մասին և սահմանափակվեց միայն տեղի ունեցածը բանավոր դատապարտելով:

«Ես կարծում եմ ինքը լրագրողական աշխարհի հետ աշխատել չգիտի, նա մեր օրենքները չգիտի, շատ վատ է վարվել, ես դատապարտում եմ նրա քայլերը, ինքը դրա իրավունքը չունի։ Դուք ազատ եք ցանկացած մեկից վերցնելու հարցազրույցներ, կարծիքներ, տեսակետներ, համադրել, ճշտել»,- ասաց Հակոբյանը։

Գնահատելով Արտյուշա Կարապետյանի այսօրվա արարքը, լրագրող Թագուհի Հովհաննիսյանը եզրակացնում է՝ մամուլի հիշյալ հրապարակումները այնքան էլ հեռու չեն իրականությունից:

«Հայկական ժամանակ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանն էլ նշեց, որ միջադեպից րոպեներ անց իրենց կայքում տեղի ունեցածի մասին պատմող հոդված են հրապարակել։ Ըստ Գևորգյանի, ոստիկանությունը պետք է հենց այդ հոդվածն ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG