Այսօր Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան, տեղական ժամանակով ճիշտ ժամը 13-ին հավաքվելու է լիագումար նիստի, որը վավերացնելու է Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագիրը։ Այն ստորագրել և օրենսդիրներին է ներկայացրել նախագահ Պետրո Պորոշենկոն։
Ռադայի նիստին զուգահեռ, այսօր վավերացման հարցով քվեարկություն է լինելու նաև Եվրախորհրդարանում։
Ուկրաինայի և Եվրոպական միության փոխադարձ համաձայնությամբ Ասոցացման պայմանագրի առանցքային մաս հանդիսացող Ազատ առևտրի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016-ի հունվարի 1-ից։ Փաստորեն, մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը գործելու է ազատ առևտրի դրույթի կիրառման վերաբերյալ հատուկ համաձայնությունը։ Այն հաշվի է առնում նաև Ռուսաստանի տնտեսական շահերը, քանի որ Ուկրաինան այդ ընթացքում կշարունակի Ռուսաստանի հետ առևտուր իրականացնել ԱՊՀ-ի ազատ առևտրի պայմանագրի շրջանակներում։
Փոխզիջումը ձեռք է բերվել սեպտեմբերի 12-ին Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտի, Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի եռակողմ քննարկումների արդյունքում։
«Մենք երկարաձգում ենք Ազատ առևտրի պայմանագրի կիրառման մասով ժամանակավոր համաձայնությունը մինչև 2015-ի տարեվերջ», - ասել է դե Գուխտը։
«Կարծում եմ, մենք կարողացանք գտնել այդ բարդ խնդիրը լուծելու հավասարակշված տարբերակ», - ասել է Կլիմկինը։
«Մինչև 2015-ի վերջ Ռուսաստանի Դաշնությունը [ռուս - ուկրաինական տնտեսական հարաբերություններում] պաշտպանական քայլերի չի դիմի», - ասել է Ուլյուկաևը։
Այսպիսով, Ռադայում այսօր վավերացման է դրվում Ասոցացման պայմանագիրն ամբողջությամբ, դրա` առևտրին վերաբերող դրույթների կիրառումը հետաձվում է 15.5 ամսով, բայց պայմանագրի զուտ քաղաքական մասն ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 1-ից։
Կիևը շատ բարդ ճանապարհ է անցել՝ պայմանագրի քաղաքական մասը վարչապետ Արսենի Յացենյուկը ստորագրել է դեռ մարտի 21-ին, տնտեսականն Ուկրաինան հունիսի 17-ին է ստորագրել, իսկ ամբողջությամբ այդ դարակազմիկ փաստաթուղթը կնքվել է Բրյուսելում հունիսի 27-ին։
Ուկրաինան Եվրոպական միության տնտեսական աջակցությունն է ակնկալում։ Նախագահ Պորոշենկոն Ուկրաինային մակրոֆինանսական օգնության երրորդ բաժնեմասի տրամադրման հարցը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզուի հետ։ Օգնության ծավալը հասնում է մեկ միլիարդ եվրոյի։