Մատչելիության հղումներ

Այս տարի մասնավոր բուհերն ունեցել են ընդամենը 20 դիմորդ


Հայաստան - դիմորդները միասնական ընդունելության քննության ժամանակ, արխիվ
Հայաստան - դիմորդները միասնական ընդունելության քննության ժամանակ, արխիվ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի համոզմամբ՝ մասնավոր բուհերը Հայաստանում իրենց խնդիրներին լրջորեն չմոտեցան և չկարողացան կայանալ:

Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանում գործող 30-ից ավելի մասնավոր բուհեր ընդունվելու համար դիմորդները քննություններ են հանձնում միասնական համակարգով: Այս կարգը սահմանող Կառավարության համապատասխան որոշման հետևանքով մասնավոր բուհեր ընդունվողների թիվը վերջին երեք տարիներին շեշտակի նվազեց՝ գրեթե 90 տոկոսով: Ամենացածր ցուցանիշը գրանցվեց այս տարի:

«Ազատության» հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն ասաց, որ այս տարի դիմորդների 12 հազար կազմող ընդհանուր թվի պարագայում ոչ պետական բուհեր է դիմել ընդամենը 20 դիմորդ:

«Եթե պետական բուհերում թափուր տեղեր կան, բնական է, երեխան ավելի շատ պետք է ձգտի պետական բուհ ընդունվել, քան մասնավոր», - ասաց Մելիքյանը:

Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն այնքան վրդովված էր, որ չցանկացավ նշել, թե այս տարի քանի նոր ուսանող ունեն: 8 հարկ ունեցող համալսարանի շենքում նախկինում սովորում էին 3 հազար 5 հարյուրից ավելի ուսանողներ, այսօր մնացել են 6-7 հարյուրը: Մի քանի տարի հետո այս թիվը ևս կկրճատվի:

Ըստ Ջհանգիրյանի՝ կառավարությունն ամեն ինչ անում է մասնավոր բուհերից ազատվելու համար՝ հաշվի չառնելով տրվող կրթության որակը. - «Կազմակերպական-իրավական ձևը ի՞նչ կապ ունի տրվող կրթության որակի հետ»:

«Գլաձոր»-ի ռեկտորը համամիտ չէ Կրթության և գիտության նախարարության այն պնդումներին, թե միասնական համակարգ ներդնելով՝ բոլոր բուհերը կհայտնվեն մրցակցային հավասար դաշտում: Ըստ նրա՝ ի սկզբանե չի ստեղծվել հավասար դաշտ, որպեսզի արդար մրցակցություն լինի․ - «Չի կարող լինել հավասարություն, եթե ենթադրենք, մի բուհին տալիս են պետպատվեր, հովանավորվում է պետության կողմից ամբողջությամբ, իսկ ընդունելության քննությունները սկսվելուց առաջ ասում են, թե փակում են այդ [մասնավոր] բուհերը և հետո տանել մտցնել միասնական համակարգի մեջ՝ մասնավոր բուհին, որին ոչ մեկը իրավունք չունի ընդունելության խաղի կանոններ թելադրել»:

Ավելի վաղ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, թե մասնավոր բուհերը Հայաստանում պարզապես չկարողացան կայանալ: Նրա համոզմամբ՝ այսօր ոչ միայն մասնավոր բուհերի թիվն է մեծ, այլև պետականներինը․ 24 պետական համալսարան ունենք:

«Մասնավոր կրթական հաստատությունները երևի իրենց խնդիրներին չմոտեցան լրջորեն: Նրանց կողմից մրցակցությունը պետական բուհերի նկատմամբ չի զգացվում: Իսկ պետական բուհերի միջև այդ մրցակցությունը կա», - նշեց Սիմոնյանը:

Բուհերի ինքնավարության սահմանափակման հարցով դեռ անցյալ տարի Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ՝ խնդրելով ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը սահմանող կառավարության որոշման սահմանադրականության հարցը: ՍԴ-ն հիշյալ որոշումը սահմանադրական էր համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG