Մատչելիության հղումներ

Հայերի հետ Լոս Անջելեսի նախկին շերիֆի սերտ կապերը կասկածներ են հարուցել


Լոս Անջելեսի շերիֆ Լի Բաքան 2012-ի հունվարին ասուլիսի ժամանակ
Լոս Անջելեսի շերիֆ Լի Բաքան 2012-ի հունվարին ասուլիսի ժամանակ

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չի բացառում, որ միանգամից երեք պետությունների` Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներ կարող էին փորձ կատարել կաշառելու Լոս Անջելեսի նախկին շերիֆ Լի Բաքային:

Բաքան Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանության ղեկավարի ընտրովի պաշտոնը զբաղեցնում էր շուրջ 15 տարի` 1998 թվականից մինչև այս տարվա հունվարի 7-ը, երբ նա հայտարարեց իր վաղաժամ հրաժարականի մասին: Նման քայլի պատճառը մամուլում հայտնված տեղեկություններն էին, որոնց համաձայն՝ շերիֆ Բաքայի ենթակաները, այդ թվում՝ նրա զարմիկը, պարբերաբար դաժան ծեծի էին ենթարկում Լոս Անջելեսում գտնվող կալանավայրերի բանտարկյալներին:

ՀԴԲ-ի իրականացրած հետաքննության նյութերին օրերս ծանոթացել է հեղինակավոր The Los Angeles Times պարբերականը` ուշագրավ մանրամասներ ներկայացնելով:

«Բանտերում տիրող կացությունից բացի, կասկածներ կան, որ շերիֆ Բաքան հայտնվել է օտարերկրյա մի շարք պետությունների ազդեցության ներքո: Քննության նյութերում նման մտավախություն է հայտնում քրեական գործում ներգրավված անվտանգության հարցերով փորձագետներից մեկը», - գրում է The Los Angeles Times-ը` հիշեցնելով, որ պաշտոնավարման ընթացքում Բաքան մի քանի անգամ պաշտոնական այցելություններ է կատարել Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան: Ինքը պաշտոնանկ շերիֆը պնդում է, որ Հայաստան և Թուրքիա այցելել է՝ փորձելով նպաստել հայ - թուրքական հաշտեցման գործընթացին:

Ի դեպ, Լի Բաքան Հայաստան էր ժամանել 2006 թվականի դեկտեմբերին` այցելության ընթացքում հանդիպելով այն ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետ: 2011 թվականին, արդեն Լոս Անջելեսում, Բաքան հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին:

Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Բաքան նաև բավական սերտ հարաբերությունների մեջ է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ: Վերջինն էլ հենց մի քանի տարի առաջ կարողացել էր կազմակերպել Բաքայի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

The Los Angeles Times-ի տեղեկություններով` ոստիկանության նախկին ղեկավարի դեմ տարվող հետաքննության մեկ այլ դրվագը վերաբերում է նրա այսպես կոչված հատուկ դաշտային օգնականներին, որոնք ևս, ըստ ՀԴԲ-ի, բավական լուրջ չարաշահումների մեջ են կասկածվում և որոնց լիազորությունների շրջանակն այդպես էլ մինչև վերջ չի հստակեցվել: Նախկին շերիֆի հատուկ օգնականների թվում էր նաև իրանահայ Թևան Առուստամյանը, ում տարեկան աշխատավարձը, ըստ ABC-7 հեռուստաընկերության, կազմել է 120 հազար ամերիկյան դոլար: Ի դեպ, Առուստամյանը ևս մասնակցում էր 2006-ին Երևանում կայացած Սերժ Սարգսյան - Լի Բաքա հանդիպմանը:

Շերիֆի պաշտոնանկությունից մի քանի ամիս առաջ էլ` 2013-ի նոյեմբերին, Առուստամյանը հայտնվել էր սկանդալային մեկ այլ պատմության մեջ, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ տեսախցիկների առջև սպառնալիքներ էր հնչեցրել լոսանջելեսաբնակ ակտվիստ Արա Մանուկյանի հասցեին: Միջադեպի պատճառը Մանուկյանի՝ «Հայաստան» հիմնադրամում առկա չարաշահումների մասին հայտարարություն տարածելու փորձն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG