Հայաստանի կառավարությունը մտածում է մեր երկրի տարածքով իրանական գազ տարանցել երրորդ երկրներ։ Ուրբաթ օրը լրագրողների հետ ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Լրագրողներից մեկի հարցին, թե դեսպանն ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան գազամուղի իրանական հատվածի տրամաչափը ավելի մեծ է, քան հայաստանյան հատվածինը, Մոհամմադ Ռեիսին արձագանքեց. - «Գիտեք, գուցե այն ժամանակ [երբ կառուցվում էր Իրան-Հայաստան գազամուղը] չեն եղել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որպեսզի կառուցվի մեծ տրամաչափի գազմուղ: Անկեղծ ասած, չգիտեմ դրա պատճառը: Այդ հարցը դուք պետք է ուղղեք Հայաստանի կառավարությանը: Գուցե, այն ժամանակ մտադրություն չեն ունեցել Հայաստանի տարածքով գազ տարանցել դեպի Սև ծով, Եվրոպա, այլուր, և այժմ, երբ կա այդ պահանջարկը, երևի նոր սկսել են մտածել դրա մասին»։
«Ազատության» հարցին, թե Հայաստանի՞ կառավարությունն է մտածում այդ մասին, Իրանի դեսպանը պատասխանեց.- «Բոլոր այն կառավարությունները, ոչ միայն Հայաստանի, բոլոր նրանք, ովքեր, որ շահագրգիռ են»։
Մոհամմադ Ռեիսիի այս հայտարարությունը ուշագրավ է նաև այն պատճառով, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ մայիսի սկզբին, Իրանի նավթի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին հայտարարեց (ըստ ISNA լրատվական գործակալության), որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա՝ մանրամասնելով, որ իրանական գազը եվրոպական ուղղությամբ արտահանելու երեք ճանապարհ կա՝ Թուրքիայի միջոցով, Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի միջոցով և վերջապես՝ Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի տարածքով:
Դեռ պարզ չէ՝ ԵՏՄ-ն կազդի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, թե՝ ոչ
Այսօրվա ասուլիսում Իրանի դեսպանը նաև հայտարարեց՝ մինչ օրս հայտնի չէ, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
«Ինչ վերաբերում է նրան, որ այդ անդամակցությունը ինչ-որ խնդիր կառաջացնի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում, մենք դեռևս չգիտենք ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տնտեսական միությունը, ուստի դեռևս չենք կարող դատողություն անել այդ մասին: Երբ ծանոթանանք բովանդակությանը, այն ժամանակ կարող ենք ասել՝ արդյոք դա բխում է մեր շահերից, արդյոք ազդելու է մեր տնտեսական հարաբերություների վրա, թե՝ ոչ»,- ասաց դեսպանը։
Բեռներ ներկրելուց և արտահանելուց մարդիկ պետք է իմանան, թե ինչ է լինելու
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու իրանցի գործարարները ներդրումներ չեն կատարում Հայաստանում, չեն ընդլայնում իրենց գործարար ակտիվությունը, Ռեիսին ասաց. - «Անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան օրենքները ավելի պարզեցվեն, մաքսային խնդիրները ավելի դյուրացվեն, և դա կնպաստի, որ ներդրումները մեծանան: Յուրաքանչյուր երկիր, եթե ցանկանում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել, անհրաժեշտ է, որպեսզի ստեղծի համապատասխան իրավական դաշտ: Ցանկացած ներդրող իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ կա ֆինանսական ապահովություն»:
Ի պատասխան հստակեցնող հարցին՝ արդյոք դեսպանը կարծո՞ւմ է, որ Հայաստանում չկա համապատասխան իրավական դաշտ, Ռեիսին պատասխանեց.- «Չեմ ասում, որ չկա այդ իրավական դաշտը, բայց գուցե դա դեռևս բավարար չէ: Տեսե՛ք, մաքսային խնդիրների հետ կապված օրենքները պետք է ավելի պարզեցվեն: Երբ մարդիկ ցանկանում են բեռներ ներկրել և արտահանել, իմանան, թե ինչ պետք է լինի: Վստահ եղեք, եթե պարզեցվեն օրենքները, և որևէ մեկը չկարողանա որևէ չարաշահում կատարել, այդ ժամանակ առևտրատնտեսական հարաբերությունները մեծ աճ կգրանցեն»:
Եթե պատերազմ լինի, կտուժի նաև Ռուսաստանը, որը զենք է վաճառում Ադրբեջանին
«Շատ քիչ է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կվերսկսվեն»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածության աճին՝ հայատարարեց Իրանի դեսպանը:
Նա ընդգծեց՝ Իրանի կառավարությունը դեմ է տարածաշրջանում լարվածության աճին և որ ղարաբաղյան հակամարտության գոտում օտար ուժեր տեղակայվեն՝ խաղաղապահների տեսքով:
«Ազատության» ճ֊շգրտող հարցին՝ Թեհրանը դե՞մ է, որ ղարաբաղա-ադբերջանական շփման գծում հայկական ու ադրբեջանական ուժերից բացի որևէ այլ պետության ռազմուժ տեղակայվի, Մոհամմադ Ռեիսին կարճ արձագանքեց՝ այո:
Հիշեցնենք, հատկապես վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումները, ըստ որոնց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններին նկատվող լարվածության հետևում կանգնած է Ռուսաստանը՝ նպատակ ունենալով հակամարտության գոտում տեղակայել իր խաղաղապահներին:
Դեսպանը անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծածավալ սպառազինության վաճառաքին:
«Գիտեք, իրենց բիզնեսի հետևից են ընկած բոլորը: Իրենք ուզում են իրենց գործարաններում կուտակված սպառազինությունը վաճառել: Եթե պատերազմ լինի դրանից կտուժեն նաև նրանք, ովքեր այդ զենքը վաճառում են»,- ասաց Ռեիսին։