Մատչելիության հղումներ

Համազեկուցողները պատգամավորների և նախագահի հետ կքննարկեն Մարտի 1-ի հարցը


Համազեկուցողները պատգամավորների և նախագահի հետ կքննարկեն Մարտի 1-ի հարցը
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

Համազեկուցողները պատգամավորների և նախագահի հետ կքննարկեն Մարտի 1-ի հարցը

Մարտի 1-ի սպանությունները չբացահայտված մնալու հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները կքննարկեն խորհրդարանականների, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-ի սպանությունների համար, փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած համազեկուցող Աքսել Ֆիշերը պատասխանեց.- «Մենք այդ հարցը քննարկել ենք նաև մեր նախորդ այցի ժամանակ, վաղը պատրաստվում ենք այն ևս մեկ անգամ քննարկել խորհրդարանում, ամենայն հավանականությամբ նաև Հայաստանի նախագահի հետ: Ես կարծում եմ, որ մենք մեր զեկույցում անդրադարձ կկատարենք այդ խնդրին»։

Ի պատասխան մեր հարցի, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ առ այսօր սպանությունների համար պատասխանատու անձանց հայտնաբերելու հարցում իշխանություններն այդպես էլ որևէ արդյունքի չեն հասել, Աքսել Ֆիշերը պատասխանեց.- «Մենք այդ հարցը պատրաստվում ենք տալ Հայաստանի խորհրդարանականներին, նաև միգուցե նախագահին»։

Փաստահավաք առաքելությամբ այսօր Հայաստան ժամանած համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը ողջ օրվա ընթացքում հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայուցուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ՝ նրանց հետ քննարկելով երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ոստիկանության և արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի հարցով համազեկուզողին հարցրեցինք, թե ինչպե՞ս են գնահատում ժողովրդավարության վիճակը Հայաստանում, և մասնավորապես, ոստիկանության գործելաոճը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները բազմիցս են բարձրաձայնում բաժանմունքներում և ոստիկանական մեքենաներում տեղի ունեցող ծեծի և կտտանքների մասին: Ֆիշերն ասաց, թե այս պահին որևէ գնահատական տալ չի կարող, այս փուլում իրենք լսելու են բոլոր կողմերին, որից հետո վերադառնալու են Ստրասբուրգ և իրենց հավաքած փաստերը քննարկելու են նախ Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովում, ապա և այս ամսվա վերջին կայանալիք ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանի լիագումար նիստում, որտեղ էլ կներկայացնեն իրենց զեկույցը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ավելի քան 7 ամիս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի հարցը, ում իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալ են համարում: Հայաստանի հարցով համազեկուցողները այսօր առաջին անգամ են լսել Շանթ Հարությունյանի գործի մասին:

«Ես այդ մասին այսօր առաջին անգամ եմ լսում, այդ իսկ պատճառով պետք է այդ հարցը քննարկենք նաև այլ մարդկանց հետ՝ հասկանալու համար, թե որն է ճշմարտությունը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»,- ասաց Աքսել Ֆիշերը՝ հավելելով, թե իրենց կարճատև այցի ընթացքում դժվար թե կարողանան հանդիպել Շանթին:

Իրավապաշտպան կազմակերպությունները համազեկուցողների հետ հանդիպման ընթացքում հատուկ բարձրացրել են թե Շանթ Հարությունյանի, և թե Վոլոդյա Ավետիսյանը հարցերը՝ պնդելով, որ նրանք երկուսն էլ քաղաքական բանտարկյալներ են: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց հանդիպմանը մասնակցած Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Ընդհանրապես խոսվեց անպատժելիության մթնոլորտի մասին։ Ես իմ կարծիքն եմ ասել և այդ կարծիքը պնդում եմ, որ Շանթ Հարությունյանը իր ընկերների հետ և Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարյկալներ են»,- ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանի փոխանցմամբ՝ Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտից և մարդու իրավունքների վիճակից բացի համազեկուցողները խիստ հետաքրքրվել են նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներով։

«Նրանց հատկապես հետաքրքրում էր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումը։ Բավականին հետաքրքիր խոսակցություն գնաց Սահմանադրության մեջ արծարծված դատական բարեփոխումների մասին։ Այսինքն բարեփոխումներով նախատեսվո՞ւմ է դատարանի անկախությունը, նախատեսվո՞ւմ է արդյոք ավելի մեծ տեղական ինքնակառավարման ինքնուրույնություն։ Տարբեր կարծիքներ հնչեցին, իմ պատասխանն այն էր, որ հայեցակարգում հարցին, թե դատարանը անկախ է գործադիրից, պատասխանը չկա»,- նշեց Իշխանյանը։

Հավելենք, որ ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը, փաստահավաք զեկույցում Լեռնային Ղարաբաղի խնդրին որևէ անդրադարձ չեն կատարելու։
XS
SM
MD
LG