Մատչելիության հղումներ

Սկանդալ բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշման շուրջ


Սկանդալ բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշման շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու առաջարկին կողմ են քվեարկել Երևանի ավագանու Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։

Աղմկահարույց այս որոշումը ընդունվել է ավագանու ապրիլի 30-ի նիստում, նժդեհյան գաղափարախոսությունը կրող Հանրապետական կուսակցության անդամ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ում հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, խորհրդային կարգերին ընդդիմացող այլախոհներից էր։

Բոլշևիկ Միկոյանի հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևանի կենտրոնում՝ Իսահակյան- Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։ Միջնորդությունը քաղաքապետարանին ներկայացրել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Որպես որոշման հիմնավորում քաղաքապետարանը նշում է, որ հաշվի է առնվել նրա ավանդը. Անաստաս Միկոյանը «քաղաքական ու պետական գործունեության բարդ ուղի անցած» գործիչ է, մինչև 20-ականները «հեղափոխական աշխատանք» է կատարել, հայրենական մեծ պատերազմի տարիներին էլ ղեկավարել է «խորհրդային բանակի մատակարարման գործը», «պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով»։ Որևէ բառ չկա 30-ականների վերջին՝ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ նրա գործունեության մասին։

Ավագանու նիստում չորս հոգի է դեմ քվեարկել որոշմանը։ «Բարև Երևան» խմբակցության ներկա երեք անդամներն ու իշխող Հանրապետական խմբակցությունից Հայկ Դեմոյանը, ով ղեկավարում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Դեմոյանը հայտարարել է, որ չի կարող համաձայնել վիճահարույց կենսագրություն ունեցող գործչի հուշարձանի տեղադրմանը մայրաքաղաքում՝ վկայակոչելով 1937-38 թվականներին Միկոյանի կողմից ստորագրված փաստաթուղթ, ըստ որի Ժողկոմխորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանը առաջարկել է ավելացնել գնդակահարությունների և ձերբակալությունների ենթակա հայերի թիվը։ Նրանց մեջ, ըստ Դեմոյանի, եղել են հազարավոր քաղաքական գործիչներ ու մտավորականներ։

Անաստաս Միկոյանի հուշարձանը Երևանում տեղադրելու քաղաքապետարանի առաջարկը մինչ որոշում դառնալը դրական եզրակացության է արժանացել ավագանու մշակույթի և կրթության հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք որոշում կայացրել են քաղաքապետարանի ներկայացրած կենսագրականի հիման վրա, որտեղ չեն եղել Անաստաս Միկոյանի մասին նման վիճահարույց դրվագներ։

«Այդ ամբողջ կենսագրականում, որ տվել է քաղաքապետարանը, ոչ մի բան չի եղել պարոն Դեմոյանի ասածի մասին։ Ես չեմ էլ տիրապետում նման տեղեկատվության»,- նշեց նա։

«Ազատության» հիշեցմանը, որ տիկին Պողոսյանը նախկինում զբաղեցրել է Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնը, Պողոսյանը հակադարձեց.- «Դրանք շատ մասնագիտական, թերևս քննարկման ենթակա փաստեր են, և հավատացեք, չկա Հայաստանում ոչ մի մշակույթի նախարար, որը բոլոր մեր պետական գործիչների կենսագրականի բոլոր էջերին և փաստարկներին տիրապետի։ Իմ գործառույթի մեջ չի մտնում դա, այսօր էլ ես չգիտեմ, այդ փաստերը որքանով են հիմնավորված, ում տեսակետն է դա, ինչ հիմքերով պարոն Դեմոյանը նման հայտարարություն արեց»։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ստալինյան ռեպրեսիաներին Անաստաս Միկոյանի անմիջական մասնակցության մասին փասթաղթեր ազգային արխիվում էլ շատ կան։

«Իհարկե, կան, ասենք, հեռագիր է Երևանից Մոսկվա, որ Հայաստանում 500 մարդ ձերբակալելը քիչ է, պետք է դարձնել 1000 մարդ, իսկ Մոսկվան էլ դարձնում է 1500։ Կամ դատական նիստեր կազմակերպել, ցույց տալ, որ ժողովրդի թշնամիները Հայաստանում վխտում են, վնասում են տնտեսությանը և այլն, և այլն։ Էդպիսի շատ փաստաթղթեր կան իր ստորագրությամբ»,- նշեց Վիրաբյանը.- «Ես կարծում եմ, նրանք, ովքեր 37 թվականը անցել են, նրանց ոչ արձան է պետք կառուցել, ոչ փողոց անվանակոչել։ Ուղղակի հանգիստ է պետք այդ մարդկանց թողնել, նրանք այլ ելք չունեին։ Եթե իրենք բռնություններին չմասնակցեին, իրենց բռնության կենթարկեին, ինչպես շատ-շատերին»։

Համացանցում էլ վերջին օրերին տեղադրվել է Ռուսաստանի պետական արխիվի պատմության բաժնի ֆոնդում պահվող մի փաստաթղթի պատճեն՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Եժովի ստորագրությամբ, որում Եժովը Ստալինին է փոխանցում ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանի խնդրանքը՝ հակասովետական գործունեություն ծավալող 2000 հայերի գնդակահարելու մասին։ Փաստաթուղթը թվագրված է 1937 թվականի սեպտեմբերի 22-ի ամսաթվով։ Որպես գնդակահարության նպատակ նշված է «հակասովետական տարրերից Հայաստանը մաքրելը»։

«Ինչո՞ւ այս պահին այն մարդու արձանը, ով հայերի ցուցակային գնդակահարման կողմնակից է եղել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը.- «Միանգամից զուգահեռներ են գալիս իմ գլխում, թող ինձանից չնեղանան, բայց հիշեցի, երբ նախկին վարչապետ Տիգրանը Սարգսյան ասաց՝ ավելի լավ, որ արտագաղթը մեծանում է, թող դժգոհները գնան, հեղափոխության հնարավորությունը պակասի։ Այսօր իշխանության կամ պաշտոնյայի այդ տեսակն է քարոզվում, ով կարող է գնդակահարության ցուցակի տակ ստորագրել, ով կարող է արտագաղթը խթանել Հայաստանից»։

«Արձանը նաև քարոզչության լավագույն միջոցներից մեկն է»,- «Ազատության» հետ զրույցում նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը.- «Հայաստանը հենց որ բռնել է Մաքսային միության ճանապարհը, Հայաստանի իշխանությունները փորձում են ռեանիմացնել սովետական գործիչների կերպարը, և այդ քարոզչությունը իրականացնել՝ տեղադրելով այս կամ այն սովետական գործչի արձանը։ Եթե մենք այսպես շարունակենք, ապա Տարոն Մարգարյանը և իր մանկլավիկները մի օր կբարձրացնեն Երևան քաղաքում, ասենք, Մուղդուսու, Ստալինի կամ Պուտինի արձանի տեղադրման հարցը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG