Մատչելիության հղումներ

Առնվազն վեց հայ՝ ամենահարուստ ռուսաստանցիների Forbes-ի ցուցակում


Forbes հանդեսի լոգոն
Forbes հանդեսի լոգոն

Ռուսաստանում ապրող ամենահարուստ հայը ներկայումս, ըստ հեղինակավոր հանդեսի, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:

Forbes հանդեսի համաձայն՝ այսօր ամենահարուստ 200 ռուսաստանցիների ցուցակում առնվազն վեցը ազգությամբ հայ են:

Ներկայումս Ռուսաստանում ապրող ամենահարուստ հայը «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Միայն Մոսկվայում «Տաշիր գրուպ»-ին են պատկանում մի քանի խոշոր առևտրական կենտրոններ: Կարապետյանի կարողությունը Forbes-ը գնահատել է 4․3 միլիարդ դոլար, և նա ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը:

Երկրորդը ամենահարուստ ռուսաստանցի հայերից Դանիլ Խաչատուրովն է՝ «Ռոսգոսստրախ»-ի ղեկավարը, ում կարողությունը 2․6 միլիարդ դոլար է ըստ հանդեսի: Խաչատուրովը ցուցակի 40-րդ հորիզոնականում է:

Forbes-ի ցուցակում են նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության սեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը հանդեսը գնահատել է մեկ միլիարդ դոլար: Ի դեպ, Սերգեյ Սարկիսովը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսն է:

Ավելի համեստ կարողություն ունի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ում սեփականությունը հանդեսը գնահատել է 850 միլիոն դոլար:

Ցուցակում է հայտնվել նաև Ալբերտ Ավդոլյանը:

Հայ համայնքը Մոսկվայում ավանդաբար համարվում է հարուստ համայնք, և բոլորը չէ, որ այսօր հրապարակում են իրենց հարստության մասին տվյալներ:

Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում Forbes-ի այս ցուցակներին և համարում են, որ դրանք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:

Ամեն դեպքում, Ռուսաստանի ամենահարուստ մարդը ներկայումս, երրորդ տարին շարունակ, Ալիշեր Ուսմանովն է, ում կարողությունը հանդեսը գնահատում է 18․5 միլիարդ դոլարից ավելի: Նրան մի փոքր զիջում են Միխայիլ Ֆրիդմանը և Վիկտոր Վեքսելբերգը:

Վերջին տարիներին գոնե հայերի շրջանում նոր անուններ այս ցուցակում հազվադեպ են հայտնվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG