Մատչելիության հղումներ

Ալիևը Ղարաբաղի հարցի լուծման համար կարևորում է «ուժային գործոնը»


Ադրբեջան - Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մերհիբանը, մասնակցում են Նովրուզի տոնակատարությանը, Բաքու, 19 մարտի, 2014թ․
Ադրբեջան - Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մերհիբանը, մասնակցում են Նովրուզի տոնակատարությանը, Բաքու, 19 մարտի, 2014թ․
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում խնդիրները լուծելու համար առաջին պլան է մղվում ուժի գործոնը, գոհունակությամբ նշել է, որ տարեցտարի Ադրբեջանը հզորանում է ու արդյունքում կլուծեն Ղարաբաղի հարցը, իսկ Հայաստանին նա բնորոշել է որպես ֆաշիստական պետություն:

Իլհամ Ալիևը նման հայտարարություններ է արել՝ մարտի 19-ին, մահմեդական տոնի՝ Նովրուզ Բայրամի տոնակատարությամբ հնչեցրած ելույթում: Նա ասել է, որ այսօր միջազգային խնդիրների լուծման գործում առաջին պլան են մղվում միջազգային իրավունքը և միաժամանակ՝ ուժային գործոնը:

«Դրա համար վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում բանակաշինությանը, մեծանում է մեր զինված ուժերի մարտական ունակությունը, ամրապնդվում կարգապահությունը: Բավական է ասել, որ այսօր մեր ռազմական բյուջեն երկու անգամ ավելին է, քան Հայաստանի ամբողջ պետբյուջեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը և շեշտել. - «Ռազմական բյուջեն, մարտական պատրաստությունը հիմնական դերակատարությունը կունենան հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում»:

Իլհամ Ալիեը Հայաստանը բնորոշել է որպես նացիստական երկիր, որի գաղափարախոսությունը ֆաշիզմն է, խտրականությունը, ազգայնականությունը»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր բոլոր նախորդ ելույթների պես, այս անգամ էլ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, պլանավորում են մի քանի օրից բանակցային հերթական հանդիպումն անցկացնել: Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպել են 10 օր առաջ, բայց Հաագայում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունները առաջինը կլինեն Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG