Մատչելիության հղումներ

Նախաձեռնությունը նոր ձեռնոց է նետում «Գազպրոմ-Արմենիա»-ին


Նախաձեռնությունը նոր ձեռնոց է նետում «Գազպրոմ-Արմենիա»-ին
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Պարզ գազօջախ, երկու շիշ, կես լիտրանոց խանութից գնված խմելու ջուր, ալյումինե սրճեփ, ջրի ու օդի ջերմաչափ․ ահա այն պարագաները, որոնցով ակտիվիստները ձեռնոց են նետում գազային հսկա «Գազպրոմ-Արմենիային» ու ապացուցում, որ Հայաստանում մատակարարավող գազը չափանիշներին չի համապատասխանում։

Այս պնդումն ապացուցելու համար մի քանի երիտասարդ ուղևորվել են Վրաստան ու նույն պայմաններում ջուր եռացրել. Հայաստանում դրա համար պահանջվել է ավելի շատ գազ ու ժամանակ։

«Սենյակային ջերմաստիճանը 11, ջրի նախնական ջերմաստիճանը 13, ջուրը հասավ 95՝ եռման ջերմաստիճանի 3 րոպե 45 վայրկյանում, հաշվիչն այդ ընթացքում ծախսեց 17 հարյուրերորդական խորանարդ։ Հետ եկանք Երևան, գտանք այն կետը, որը ծովի մակարդակից գրեթե նույն բարձրության վրա է գտնվում և նույն սենյակային պայմաններում, նույն սենյակային ջերմաստիճանի պարագայում, նույն ջրի սկզբնական ջերմաստիճանում, նույն շարժական գազօջախով, բայց արդեն «Հայռուսգազարդ»-ի կողմից մատակարարվող, բարձր՝ 8200 կիլոկալորիա գազով մեզ մոտ դա տևեց 5 րոպե 53 վայրկյան։ Ցուցանիշն այստեղ 6200 չի անցնում, այսինքն մեր գազը 6200 կիլոկալորիա է, իսկ եթե 8200 ենք հաշվում, էն ինչ ես ասում էի 3 ամիս առաջ՝ 5000-ի մոտ է դառնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը։

Գազի ցածր կալորիականության շուրջ ամիսներ շարունակ ահազանգող «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնությունը վաղուց է պնդում, որ կապույտ վառելիքն անորակ է։ Ակտիվիստներն ամիսներ առաջ հրապարակեցին լուսանկարներ գազի կալորիականությունն իջեցնող ազոտային կայանների մասին՝ պնդելով, որ 350 հազար դոլար արժողությամբ այդ կայանները «Գազպրոմ- Արմենիա»-ն վերջերս է ձեռք բերել, և դրանց գործադրման արդյուքնում սպառողն իր վճարածի դիմաց ավելի քիչ էներգիա է ստացել։ Սակայն «Գազպրոմ»-ը ոչ միայն հերքեց այդ պնդումները, այլև դրանք զրպարտություն որակեց, կասկածողներին էլ հրավիրեց իրենց լաբորատորիա։

«Վարդան Հարությունյանը՝ գլխավոր տնօրենն ասաց մի այսպիսի ֆրազ՝ մենք կարիք չունենք ապացուցելու գազի հետ կապված խնդիրները, իսկ եթե կան մարդիկ, ովքեր կասկածներ են առաջ քաշում, կարող են օգտվել մեր լաբորատորիայից։ Ահա սա էր այն վերջին կաթիլը, որը վիրավորեց մեր ինքնասիրությունը, որովհետեւ սա այն թեման է, որը պետք է իսկապես ապացուցվի», - ընդգծեց նախաձեռնությանը միացած լրագրող Արման Սուլեյմանյանը։

«Այս փորձը գալիս է ապացուցելու, որ մենք ակնկալում ենք հանդիպում պարոն Վարդան Հարությունյանի հետ արդեն շատ ավելի լուրջ անձնակազմով և արտահայտությունը՝ մենք չունենք ապացուցելու, կարծում եմ, արդեն իսկ արդիական չէ։ Խնդիրն այլևս չի կարող մնալ այս կետում: Դա փաստ է», -ասաց Սուլեյմանյանը։

«Գազպրոմ-Արմենիա»-ն, սակայն, չի ընդունում ակտիվիստների տեսագրած ու հրապարակած վերջին փաստերը։ Ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ նրանց փորձը սիրողական բնույթ է կրում․ - «Որևէ սիրողական տեսաշար չենք մեկնաբանում։ Հիմա ինչ-որ մեկը ինչ-ինչ նպատակներից ելնելով սիրողական մակարդակի տեսաշարեր է դնում ինտերնետում, ցանկության դեպքում այդ ջուրը կարող է 20 րոպեում եռալ, կարող է 2 րոպեում եռալ։ Նայած, թե մենք ոնց ենք ուզում տեսաշարով ներկայացնել»։

Սարդարյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը գազը ներկրում է Ռուսաստանից, Վրաստանը՝ Ադրբեջանից, ինչը ևս ցուցանիշների տարբերությամ մասին է խոսում․ - «Գոսստանդարտներով որևէ մեկն ասել է, թե Վրաստանում էդ պահին ինչքան է եղել կալորիականությունը, Հայաստանում այդ պահին ինչքան է եղել, ճնշումների տարբերությունն ինչքան է եղել։ Դրա համար եմ ասում՝ մասնագիտական մոտեցում չկա։ Վերջին հաշվով կառավարությունը հանձնաժողով ստեղծեց, հանձնաժողովն իր մասնագիտական եզրակացությունը կներկայացնի, թե հիմա ինչ էնտուզիազմ է դրսևորում այդ տղան, դա ինձ չի հետաքրքրում»։

Ակտիվիստները, մինչդեռ, հավաստիացնում են, որ իրենց զինանոցում գազի անորակությունն ապացուցող այլ փաստեր ու ապացույցներ կան, որոնք մոտ օրերս կհրապարակեն։ «Գազպրոմ-Արմենա»-ից արձագանք չստանալու դեպքում հնարավոր է դիմեն հասարակությանը՝ ընկերության դեմ միասնական պայքարելու կոչով։

«Տարբերակներից մեկը, կարծում եմ, կլինի՝ չենք վճարում փետրվարի համար, հիմա մարտին եկած գազի վարձը։ ֆինանսական վնաս կհասցնենք նրանց։ Բայց միայն դա չէ, էլի տարբերակներ կան», - ասաց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG