Մատչելիության հղումներ

«Եվրոպական փաթեթ» Արևելյան գործընկերության երկրներին


Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013թ.

Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար։

Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ

«Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

«Եվրոպական փաթեթը» հաշվի է առնում «հետվիլնյուսյան» իրողությունները։ Անցյալ տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաքում գումարվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան` ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

Սակայն անցյալ տարվա ընթացքում աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվել են։ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչն անակնկալ էր Հայաստանի քաղաքացիներից և եվրոպացի պաշտոնյաներից շատերի համար։

Ուկրաինան սառեցրել է ստորագրումը և տարեվերջին գործարք է կնքել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով այդ երկրում սկսվել և առայսօր շարունակվում են բողոքի ակցիաները։

Միայն Վրաստանն ու Մոլդովան չեն շեղվել ընտրած ճանապարհից և նախաստորագրել են Ասոցացման պայմանագիրն ու դրա առանցքը հանդիսացող Ազատ առևտրի համաձայնագիրը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ, գալիք երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը», որին հավանություն են տալիս Եվրամիության այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսին են Գերմանիան և Մեծ Բրիտանիան։


«Հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան Ասոցացման պայմանագիրը»

Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»։

Այդ փաթեթում կան տեղաշարժին, վիզաներին, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի մեծ ներգրավմանը վերաբերող դրույթներ։

Նախագծում չի նշվում, թե ինչ դեր կարող է Եվրամիությունը կատարել Ուկրաինայում, սակայն ասվում է, որ «Բրյուսելը մտադիր է շարունակել քաղաքական ընդգրկուն երկխոսությունը Կիևի հետ և քաղաքականությունը վարել` հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները»։

Եվրոպացի մի բարձրաստիճան դիվանագետ, ով խնդրել է չհրապարակել իր անունը, «Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվյակին ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ վիզային արգելքներ սահմանելու կամ նրանց արտասահմանյան հաշվեհամարները սառեցնելու հարցն օրակարգում չկա։


ԵՄ-ն չի հանդրուրժի Մոսկվայի ճնշումը նախկին խորհրդային երկրների վրա

Նախագծում կա Ռուսաստանին վերաբերող դրույթ, որի համաձայն՝ «Եվրամիությունը ցանկանում է այդ երկրի հետ հաստատել հանգամանալից, ազնիվ և բաց երկխոսություն Եվրոպայում ինտեգրման հարցերի շուրջ»։

Միաժամանակ նշվում է, որ «Եվրամիության համար անընդունելի է Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ գործելակերպը»։ Այդ առումով նախագծում կա պարբերություն, ըստ որի՝ «Եվրամիությունը համաձայնեցված արձագանքելու է առևտրային էմբարգոներին, միգրանտ աշխատողների հանդեպ սահմանափակումներին, լարվածության սրումներին և երկարատև հակամարտություններին»։


ԵՄ-ն կհզորացնի դերը կոնֆլիկտների կարգավորման հարցում

Ըստ նախագծի՝ «13 պետությունները հուսով են արագացնել ներքին ընթացակարգերն այն նպատակով, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրած Վրաստանն ու Մոլդովան հնարավորինս արագ` մինչև այս տարվա օգոստոսի վերջ, ստորագրեն այդ փաստաթղթերը»։

Նախագծում Եվրամիության 13 պետությունները հույս են հայտնում «հզորացնել Եվրամիության դերը երկարատև հակամարտությունների կարգավորման խնդրում. Ասոցացման պայմանագրի իրագործումը դարձնել մեխանիզմ, որը Քիշնևին և Թբիլիսիին կընձեռի անջատողական տարածքների հետ կապերն ամրացնելու հնարավորություն և կխրախուսի փոխադարձ շփումների ակտիվացումը»։


ԵՄ-ի բարձրաստիճան ղեկավարներ անընդհատ կայցելեն Թբիլիսի և Քիշնև

«Եվրոպական փաթեթում» կա Մոլդովային և Վրաստանին վերաբերող մեկ այլ գաղափար, ըստ որի՝ «Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապահովեն այդ երկու երկրներ այցելությունների մշտական հոսք և անընդհատ փոխանցեն Ասոցացման պայմանագրերի արագ ստորագրման, համաձայնությունների իրագործումը խթանող եվրոպական ակտիվ բարեփոխումների անհրաժեշտության ուղերձներ»։

«Եվրոպական փաթեթի» մեկ այլ գաղափարներից է Արևելյան գործընկերության նշանակության մասին տեղեկատվության տարածումը։


Մարդիկ կհամեմատեն Եվրամիությունը և Մաքսային միությունը

Եվրոպական միությունը կհրապարակի հետազոտություններ, որոնք կներկայացնեն Արևելյան գործընկերության ապահոված հեռանկարները, կհերքեն չհիմնավորված պնդումներն Ասոցացման պայմանագրին միանալու դեպքում իբր «թանկ վճարելու» մասին, կբացատրեն Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելուց բխող հետևանքները։


ԵՄ - Հայաստան պայմանագրի կարգավիճակը կբարձրացվի

«Եվրոպական փաթեթում» Հայաստանի մասով առաջարկվում է «բարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը»։ Սակայն այդ մասին մանրամասներ դեռ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG