Մատչելիության հղումներ

Հայաստանցիների 66 տոկոսը բացասական է գնահատում ԽՍՀՄ-ի փլուզումը


Մայիսմեկյան շքերթ Երևանում, 2012 թվական
Մայիսմեկյան շքերթ Երևանում, 2012 թվական
Հետխորհրդային ողջ տարածքում ԽՍՀՄ-ի փլուզումը ամենաշատ ափսոսանքը հայաստանցիներին է պատճառում: Սա են վկայում ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության` ԱՊՀ անդամ 11 պետություններում և Վրաստանում ամռանն անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվեցին այսօր:

1991 թվականի անկախության հանրաքվեի ընթացքում արձանագրված գրեթե 100 տոկոսանոց «այո»-ից ընդամենը 22 տարի անց` հայաստանցիների ուղիղ երկու երրորդը` 66 տոկոսը, համոզված է` «Խորհրդային Միության փլուզումը Հայաստանին վնաս էր»:

Հայաստանի բնակիչների միայն 12 տոկոսն է այսօր կարծում, որ ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում Հայաստանը որպես պետություն շահել է: Հայաստանցիների ևս 10 տոկոսը պնդում է, որ Խորհրդային Միության փլուզումը հայերի համար ոչ լավ էր և ոչ էլ վատ:

Ըստ Gallup-ի` խորհրդային կարոտախտի ցուցանիշներով Հայաստանին զիջում են անգամ Ռուսաստանն ու Բելառուսը: Ռուսաստանում, օրինակ, Խորհրդային Միության փլուզումը ափսոսանք է պատճառում հարցվածների միայն 55 տոկոսին: Ռուսաստանցիների 19 տոկոսի համոզմամբ էլ ԽՍՀՄ-ի փլուզումը Ռուսաստանի Դաշնությանն օգուտ էր: Բելառուսում, որտեղ մինչ օրս օգտագործվում են խորհրդային ժամանակաշրջանի պետական խորհրդանիշերը, իսկ խորհրդային տոնացույցի զգալի մասը դեռ ուժի մեջ է, ԽՍՀՄ-ի փլուզումը որպես բացասական երևույթ է բնութագրել հարցվածների միայն 38 տոկոսը:

Նախկին խորհրդային երրորդ սլավոնական հանրապետությունում` Ուկրաինայում, բնակչության 56 տոկոսն է այսօր բացասաբար գնահատում Խորհրդային Միության փլուզման փաստը: Հարցված ուկրաինացիների 23 տոկոսը հակառակն է պնդում` Ուկրաինան ԽՍՀՄ-ի փլուզումից միայն շահել է:

Ինչ վերաբերում է Հայաստանի անմիջական հարևաններին, ապա թե Վրաստանում, և թե Ադրբեջանում Խորհրդային Միության փլուզումը բացասաբար գնահատողների թիվն անհամեմատ ավելի փոքր է, քան Հայաստանում: Այսպես, Վրաստանի բնակիչների 37 տոկոսը համոզված է, որ Խորհրդային Միության փլուզման արդյունքում իրենց երկիրը շահել է, վրացիների 33 տոկոսի կարծիքով էլ՝ երկիրը խորհրդային կայսրության վերանալուց հետո լուրջ վնասներ է կրել:
Ադրբեջանում անկախության առաջին երկու տասնամյակները դրականորեն գնահատողների թիվը Հարավային Կովկասում ամենամեծն է: Ադրբեջանցիների 44 տոկոսը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումն Ադրբեջանի համար դրական երևույթ էր: Ադրբեջանցիների 31 տոկոսն այս մոտեցումը չի կիսում:

Սա 2013 թվականի ընթացքում հրապարակված արդեն երկրորդ հարցումն է, որ վկայում է հայաստանցիների շրջանում խորհրդային ժամանակաշրջանի ժառանգության հանդեպ աճող դրական վերաբերմունքի մասին: Մարտ ամսին ամերիկյան Քարնեգի հիմնադրամը հրապարակեց ևս մեկ հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ հայաստանցիների 55 տոկոսը Իոսիֆ Ստալինին բնութագրում էր որպես իմաստուն ղեկավար: Հարցմանը մասնակցած հայերի 38 տոկոսն ընդհանրապես ցանկություն էր հայտնել, որպեսզի Հայաստանը ղեկավարի Ստալինի հատկանիշներով օժտված որևէ գործիչ:

Ինչպես Gallup-ի հարցման պարագայում, այս մի հետազոտության արդյունքներով ևս Հայաստանի բնակիչները խորհրդային դարաշրջանի հանդեպ ունեցած իրենց դրական վերաբերմունքով առաջ էին անցել թե ռուսներից, թե վրացիներից և թե արդբեջանցիներից:

Սակայն հարկ է նկատել, որ Gallup-ի այսօր հրապարակված հետազոտության արդյունքներով՝ ԽՍՀՄ-ի փլուզման հանդեպ վերաբերմունքը հետխորհրդային տարածքի բնակիչների շրջանում մեծապես կախված է նրանց տարիքից:

«Որքան ավելի երիտասարդ են հարցվածներն, այնքան ավելի քննադատաբար են նրանք տրամադրված Խորհրդային Միության ժառանգության հանդեպ»,- նշում են ամերիկացի սոցիոլոգները:

Նրանց պնդմամբ` հետազոտությանը մասնակցած 12 պետությունների 15-ից 44 տարեկան հարցվածների շրջանում ԽՍՀՄ-ւ փլուզումը դրական և բացասական լույսի ներքո դիտարկողների թիվը գրեթե հավասար է: Տարիքային ավագ խմբում հակառակը` Խորհրդային Միության փլուզումը հիմնականում բացասական է գնահատվում:

«65 տարեկանից բարձր նախկին խորհրդային քաղաքացիների 76 տոկոսը համոզված է` ԽՍՀՄ-ի փլուզումը որևէ օգուտ չբերեց նախկին կայսրության տարածքում ձևավորված 15 նորանկախ պետություններին»,- նշված է Gallup-ի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG