Մատչելիության հղումներ

«Պուտինի խաղերը»՝ ռուս հանդիսատեսի դատին


Ռուսաստան - Սոչիին մերձակա «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային հանգստավայրում կառուցվող օլիմպիական ավանը, սեպտեմբեր, 2013թ․
Ռուսաստան - Սոչիին մերձակա «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային հանգստավայրում կառուցվող օլիմպիական ավանը, սեպտեմբեր, 2013թ․

Փաստավավերագրական ֆիլմը Սոչիի Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքում տեղ գտած չարաշահումների մասին է:

Ռուս հանդիսատեսն այսօր հնարավորություն ունի դիտել «Պուտինի խաղերը» փաստավավերագրական ֆիլմը, որը ցուցադրվելու է Artdokfest փառատոնի շրջանակներում:

Ֆիլմը 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքում տեղ գտած չարաշահումների՝ միջոցների մսխման, համատարած կոռուպցիայի, ինչպես նաև բնապահպանական խնդիրների մասին է: Մասնավորապես` շինարարության կապալառուներից մեկի մասին է, ում սպառնացել են խեղդել «արյան մեջ», եթե նա չվճարի շինարարության արժեքի 50 տոկոսին համաժեք «ատկատը»:

Ճնշումների զոհ է դարձել ոչ միայն ֆիլմի հերոսը, այլ նաև ֆիլմի պրոդյուսերը: Սիմոնա Բաումանը պատմում է, որ ռուս չինովնիկներն իրեն անգամ 600 հազար ֆունտ ստեռլինգ են առաջարկել՝ ֆիլմը չցուցադրելու պայմանով: «Ես չզարմացա, երբ նրանք դիմեցին այդ հարցով: Ես շատ ժամանակ եմ անցկացնում Ռուսաստանում, և ինձ զայրացնում է այն հոգեբանությունը, որ փողով կարելի է գնել ամեն ինչ», - ասում է Բաումանը:

Հեղինակները պատմում են, որ ֆիլմը նկարահանելուց առաջ շուրջ երկու տարի հետազոտություններով են զբաղվել, և արդյունքում նրանց հաջողվել է ի մի բերել այն բոլոր խախտումները, որոնք տեղի են ունեցել Սոչիում Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շինարարության, բնապահպանական ոլորտներում:

Ռուսաստանի շինարարական մագնատներից մեկը՝ Վալերի Մորոզովը, ով նույնպես Սոչիում շինարարական հարթակներ ուներ, տևական ճնշումների, շորթման փորձերի և ահաբեկումների հետևանքով ստիպված է եղել ընտանիքի հետ լքել երկիրը՝ չմտնելով կոռուպցիոն գործարքների մեջ:

Գործարարը պատմում է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ կերպով իր երկամուտների 50 տոկոսից ավելին էին պահանջում: «Մեզ բացահայտ կերպով սպառնում էին: Ասում էին՝ «արյունլվա կանենք և արյան մեջ կխեղդենք», - ասում է Մորոզովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG