Մատչելիության հղումներ

Դավութօղլուն՝ հայ - թուրքական սահմանի բացման հնարավորության մասին


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ

«Եթե մենք կարողանանք ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, դա կարող է անակնկալ դառնալ», - խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ անդրադարձել է նաև հայ - թուրքական սահմանը բացելու հնարավորությանը:

Լսումները հիմնականում վերաբերել են Սիրիայի հարցին, բայց «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օգանը ասել է, որ հայ - թուրքական սահմանին, երկու երկրները կապող երկաթգծի վրա աշխատանքներ են կատարվում, ապա հարցրել է Դավութօղլուին՝ արդյոք նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ սահմանը բացելու համար:

Դավութօղլուն չի հերքել, այլ ասել է․ - «Եթե մենք կարողանանք ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, դա կարող է անակնկալ դառնալ»:

Թուրքիայի արտգործնախարարը նաև ավելացրել է, որ երկաթուղու վրա աշխատանքները կատարվում են 2015 թվականին նախապատրաստվելու շրջանակում:

Նա նորից կրկնել է հայ - թուրքական հարաբերությունները բարելավելու հարցում թուրքական կողմի դիրքորոշումը․ - «Մեր պահանջն այն է, որ Հայաստանը ազատի Ղարաբաղը: Այդ հարցում մենք առաջընթաց ենք ակնկալում: Եթե դա տեղի ունենա, սահմանները կբացվեն, կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև կզարգանան հարաբերությունները»:

«Բայց մենք դա ցանկանում ենք Ադրբեջան հետ միասին», - հայտարարել է Դավութօղլուն:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Աքշամ» թերթը:

Նշվում է, որ մոտ ապագայում սպասվում է Թուրքիայի արտգործնախարարի այցելությունը Ադրբեջան:

Հիշեցնենք, որ այս ամիս սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ երկու երկրներում ավարտված ընտրություններից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG