Մատչելիության հղումներ

Ակտիվիստներն՝ ընդդեմ վճարովի ավտոկայանատեղերի


Ակտիվիստներին բերման են ենթարկում, ցուցարարները փակում են փողոցը
please wait

No media source currently available

0:00 0:12:25 0:00
Այսօր կեսօրից իրավիճակը քաղաքապետարանի առջև դարձյալ լարված էր. 14-րդ օրը նստացույց անող ակտիվիստները կարմիր ներկով գծանշեցին քաղաքապետարանի կայանատեղը, ճիշտ այնպես, ինչպես «Փարկինգ Սիթի Սերվիսն» է գծանշել մայրաքաղաքի փողոցները՝ որպես վճարովի ավտոկայանատեղեր:

Այսպես երիտասարդները դժգոհում էին քաղաքային իշխանությունների այս նախաձեռնությունից: Քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանները անակնկալի եկան, փորձում էին թույլ չտալ ներկել ասֆալտը, սակայն երիտասարդներն արդեն հասցրել էին գծանշել ողջ փողոցը։

Ակտիվստներից Սևակ Մամյանը և Սոնյա Մսրյանը նաև ավտոկայանատեղերի աշխատակիցների դեղին բաճկոններից էին հագել՝ հայտարարելով, որ եթե քաղաքային իշխանությունները ապօրինաբար գումար են գանձում վարորդներից, ուրեմն իրենք էլ կարող են կայանման համար գումար պահանջել քաղաքապետարանի աշխատակիցներից։

«Սա նույն բումը կբարձրացնի, ինչպես եղավ 150 դրամների դեպքում։ Ոչ մեկը չի ցանկանում, որ իր ազատ տեղաշարժի, իր անձնական կյանքի իրավունքը ամբողջ քաղաքում ինչ-որ տեսախցիկներով վերահսկվի։ Պետք է կասեցվի այս ավտոկանգառների որոշումը»,- ասաց Մսրյանը։

Ակցիայի ավարտից րոպեներ անց, երբ ակտիվիստներն արդեն գծանշել էին ողջ փողոցը, ոստիկանները անակնկալ ձևով անցան կտրուկ գործողությունների՝ մեկը մյուսի հետևից ոստիկանության բաժին տանելով հինգ երիտասարդների՝ Միհրան Մելքումյանին, Վահե Գևորգյանին, Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին և Սևակ Մամյանին: Իրավապահները, մի քանի հոգով հանկարծակի մոտենալով երիտասարդներին, ուժի կիրառմամբ նրանց նստեցնում էին մեքենաներն ու արագ հեռանում։

Ի պատասխան ցուցարարները փակեցին քաղաքապետարանի առջևի փողոցի երթևեկությունը՝ շուրջ 30 րոպե մեծ խցանում առաջացնելով հարակից հրապարակում։ Երիտասարդները պառկել էին ասֆալտին, իսկ ոստիկանները հրելով, քարշ տալով, երբեմն գրկած տեղափոխում էին նրանց մայթ։

Մի քանի ժամ ոստիկանության Կենտրոնականի բաժնում պահվելուց հետո հինգ ակտիվիստներն ազատ արձակվեցին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փոխանցեց, որ նրանք վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Օսիպյանը ուշացած եկավ, երբ փողոցն արդեն գծանշված էր, զայրացած ասում էր, թե երիտասարդները հանրային տարածքն են փչացնում։

«Մարդկանց վիրավորե՞լն է իրավական կատեգորիա, հանրային գույքը վնասե՞լն է իրավական կատեգորիա»,- ասում էր Օսիպյանը.- «Ո՞վ է թույլ տվել այսպիսի նկարչությամբ զբաղվել։ Սա նորմա՞լ երևույթ է»:

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը վճարովի ավտոկանգառների դեմ պայքարով չի հրաժարվում նստացույցի հիմնական պահանջից՝ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանին: Երիտասարդները տարակուսած են քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքից։ Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի քաղաքապետն ասել էր, թե չի պատրաստվում կատարել «3-4 հոգու» ցանկությունները, քանի որ ժողովուրդը կողմնակից չէ այդ հրաժարականներին: Նստացույց անողների գնահատմամբ՝ Տարոն Մարգարյանը չի տիրապետում իրավիճակին։

«Դա արհամարհական վերաբերմունք է նախ և առաջ նստացույցի մասնակիցների նկատմամբ։ Տարոն Մարգարյանը պետք է մոտ ժամանակահատվածում խուսափի հարցազրույց տալուց, քանի որ յուրաքանչյուր հաջորդ հարցազրույցը կարող է սոցիալական բունտ բարձրացրել»։

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ ասում է, թե Տարոն Մարգարյանը որպես պաշտոնյա բարդ իրավիճակում է հայտնվել՝ մի կողմից քաղաքապետարանը փորձում է ծածկադմփոց անել քաղաքապետի ապօրինությունները, մյուս կողմից հենց քաղաքապետի հայտարարություններն են բողոքի նոր ալիք բարձրացնում։
«Երևանի քաղաքապետը Հանրապետական կուսակցության անդամ է, Սերժ Սարգսյանը ձևակերպել էր այդ դրույթը, որ քաղաքացիների հետ «դուք»-ով պետք է խոսել, իսկ իր ենթակաները ակնհայտորեն հրապարակավ արհամարհել են ոչ միայն քաղաքացիներին, այլ իրենց ղեկավարին։ Որպես կանոն՝ պաշտոնյաները նման իրավիճակներում հրաժարական են տալիս»,- ասաց Ղուկասյանը։
XS
SM
MD
LG