Մատչելիության հղումներ

Ալիև.«Ադրբեջանը մեկ միլիարդից շատ ավելի մեծ գումար է ծախսել զենքի ձեռքբերման համար»


«Ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքում` քաղաքական և դիվանագիտական ջանքերին զուգահեռ մեր երկրի ռազմական հզորությունը լինելու է առանցքային գործոն», - երեկ Բաքվում դիմելով կառավարության անդամներին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Առաջիկայում Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր ռազմական արսենալը: Մենք հետագայում ևս գնելու ենք ամենաժամանակից ռազմական տեխնիկան: Այդ հարցում, ինչպես գիտեք, մենք որևէ խնդիր չունենք: Ադրբեջանը զենք ու զինամթերք է ձեռք բերում տարբեր պետություններում, ինչպես նաև կազմակերպում է դրանց արտադրությունը սեփական տարածքում: Աճում է այն պետությունների թիվը, որոնք ցանկանում են ռազմական ասպարեզում համագործակցել Ադրբեջանի հետ: Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, թե Ադրբեջանը մի պետությունից 1 միլիարդի զենք է գնել, մյուսից՝ 1 միլիարդ 600 միլիոնի: Ես կարող եմ միայն նշել, որ այդ թվերը իրականությունը չեն արտացոլում: Իրականում մեր ռազմատեխնիկիկական համագործացությունը [այլ պետությունների հետ] հաշվվում է մի քանի անգամ ավելի մեծ թվերով, քան այն, ինչ ներկայացվում է», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Մենք այդ թվերը չենք հրապարակում, պարզապես մեկնաբանում ենք միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող տեղեկությունները: Ամեն դեպքում մենք կարող ենք և հրապարակել զինտեխնիկայի ձեռք բերման թվերը, քանի որ Արդբեջանի բյուջեն լիովին թափանցիկ է», - երկրի նախագահի խոսքերն է մեջբերում Turan գործակալությունը:

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևի այս հայտարարությունների ֆոնին մամուլում Բաքվի կողմից նոր զինատեսակների կամ ռազմական նշանակության այլ գնումների մասին տեղեկությունները սկսել են գրեթե ամենօրյա բնույթ կրել: Օրերս Ուկրաինայի Արտահանումների վերահսկողության պետական ծառայությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, որից պարզ է դարձել, որ Կիևը 2012-ին Բաքվին է վաճառել 3 հակատանկային հթրիռային համակարգ: Գործարքի գինը, ինչպես նաև տեխնիկական մանրամասները չեն հստակեցվում: APA-ն, սակայն, հատուկ ընգդծում է, որ սա Ուկրաինայի կողմից Ադրբեջանին նման զինատեսակի վաճառքի առաջին դեքպը չէ․ - «2010-11 թվականներին Ուկրաինան արդեն իսկ 7 հակատանկային համակարգ է վաճառել Բաքվին»:

Բացի այդ, այս շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ թուրքական Turmaks ընկերությունը Ադրբեջանին 2 շարժական դաշտային հոսպիտալ է վաճառել: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է 60 հոգու համար, զբաղեցնում է 2500 քառակուսի մետր տարածք: Հետաքրքրական է, որ թուրքական կողմը արագացրել է շարժական հոսպիտալների կառուցումը` նախատեսված ժամկետից երկու ամիս շուտ դրանք առաքելով Ադրբեջան: Հոսպիտալների առաքումն իրականացվել է նույն այն օրերին, երբ թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում Բաքվի մերձակայքում և Նախիջևանում:

Անդրադառնալով այդ զորավարժություններին` Независимая Газета-ն գրում է․ - «Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցում է մեկ մոտոհրաձգային գումարտակ, Թուրքիան ներկայացված է մեկ վաշտով: Որոշ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա անցկացվող զորավարժությունները Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանն են պարբերաբար Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անցկացվող զորավարժություններին»:

Ռուսաստանյան թերթը նաև մեջբերում է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեյի խոսքերը, ով անդրադառնալով թուրքական կողմի մասնակցությանը զորավարծություններին՝ նշել է․ - «Հիանալի կլիներ, եթե թուրքական զորքերը Նախիջևանում որքան հնարավոր է երկար մնային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG