Մատչելիության հղումներ

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները այսօր չեն վերսկսվի


Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլում, արխիվ
Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլում, արխիվ

Բանակցությունների նոր փուլի հետաձգման գլխավոր պատճառը Էրդողանի կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի մեթոդներն են:

Չնայած պաշտոնական Անկարայի ակնկալիքներին` Եվրամիությանը անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցություններն այսօր չեն վերսկսվի: Դա պարզ դարձավ նախօրեին Բրյուսելում, երբ Գերմանիայի, Ավստրիայի եւ Նիդերլանդների դիվանագետները հրապարակեցին իրենց պետությունների միասնական մոտեցումը` կոչ անելով բանակցությունների պաշտոնական մեկնարկը հետաձգել առնվազն մինչեւ հոկտեմբեր:

Թուրքիայի հետ բանակցությունները հետաձգելու գլխավոր պատճառը վերջին շաբաթներին Ռեջեփ Էրդողանի կառավարության կողմից Ստամբուլում, Անկարայում եւ մի շարք այլ քաղաքներում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի մեթոդներն էին:

Պատճառաբանելով կայացված որոշումը` Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարեց. - «Վերջին օրերի իրադարձությունները անարձագանք չէին կարող մնալ: Դրա հետ մեկտեղ, Եվրամիության եւ Թուրքիայի մերձեցումը չպետք է դադարի: Մենք չպետք է մոռանանք մեր երկարաժամկետ ռազմավարական շահերի մասին»:

Թուրքիայի հետ բանակցությունների մեկնարկը հետաձգելու եւս մեկ կողմնակից` Ավստրիայի արտաքին գործերի նախարար Միխաել Շպինդելեգերը երեկ Վիենայում հայտարարեց. - «Նման հետաձգումը միանշանակորեն անհրաժեշտ էր, քանի որ մենք Եվրոպական միության ներսում չենք կարող երկակի չափանիշներ կիրառել: Մենք մի հանրություն ենք, որ հիմնված է եվրոպական արժեքների վրա: Դա նշանակում է, որ մարդկանց հիմնարար ազատությունները պետք է հարգվեն»:

Շպինդելեգերը նաեւ նշեց, որ Թուրքիայի համար առաջիկա ամիսները յուրատեսակ փորձաշրջան են լինելու, որի ընթացքում Եվրամիության պետությունները կդիտարկեն` արդյո՞ք Էրդողանի կառավարությունը հակված է հարգել ցույցերի եւ խոսքի ազատության` Թուրքիայի քաղաքացիների իրավունքը:

Անկարայում Եվրամիության կայացրած որոշումը թեեւ մեծ ոգեւորություն չառաջացրեց, սակայն այստեղ ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից Եվրամիության նախագահությունը ստանձնող Իռլանդիան երեկ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` նշելով, որ հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից հետո Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսվելու են: Մասնավորաբար, ապասառեցվելու է բանակցային փաթեթի 23-րդ գլուխը, որը վերաբերում է Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությանը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարում էր. - «Մեզ համար ամենակարեւորն այն հավաստիացումն է, որ 23-րդ գլխի շուրջ բանակցությունների վերսկսման մասին որոշումը վերանայման ենթակա չէ: Խոչընդոտները հաղթահարված են, եւ մեր հաջորդ նպատակը եւս երկու ասպարեզներում բանակցությունների վերսկսումն է: Ամեն դեպքում, մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս որոշման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG