Մատչելիության հղումներ

Բաքվում արձագանքել են «Քարե երազներ»-ը հայերեն թարգմանելուն


Ադրբեջան - Գրող Աքրամ Այլիսլին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, Բաքու, 23-ը փետրվարի, 2013թ.
Ադրբեջան - Գրող Աքրամ Այլիսլին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, Բաքու, 23-ը փետրվարի, 2013թ.
Ադրբեջանը իսկույն արձագանքել է Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը հայերեն թարգմանելուն եւ տպագրելուն:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Քարե երազներ» գիրքը որակել է Ադրբեջանի դեմ «սեւ PR»-ի միջոցներից մեկը:

«Աքրամ Այլիսլիի տխրահռչակ «Քարե երազներ» վեպը արդեն լույս է տեսել հայերեն լեզվով: Իհարկե, թշնամին քնած չէ, Ադրբեջանի դեմ օգտագործում է սեւ PR-ի, գաղափարական դիվերսիայի եւ արշավի բոլոր միջոցները», - հայտարարել է նա` հավելելով. - «Հայերը, վեպը սկզբում թարգմանելով իրենց լեզվով, հետո` մյուս լեզուներով, աշխարհին կասեն` «տեսեք, սա գրված է ադրբեջանցու կողմից, ադրբեջանցի գրողի կողմից», չնայած Ադրբեջանի հասարակությունը նրան որպես գրող չի ընդունում»:

Միլի մեջլիսի պատգամավորի խոսքերով` «իրեն ադրբեջանցի եւ մտավորական համարող այդ մարդը [Աքրամ Այլիսլին] վնաս է հասցնում Ադրբեջանի ժողովրդին»:

Գուրբանլին քննադատել է նաեւ հայտնի գրող եւ սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովին, որը վերջերս ռուսական լրատվամիջոցի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի մասին արտահայտել էր մտքեր, որոնք չեն համապատասխանում պաշտոնական Բաքվի քարոզչությանը:

«Աքրամ Այլիսլին, գրելով «Քարե երազներ» վեպը, գործիք է դարձել հայկական քարոզչության համար, Ռուստամ Իբրահիմբեկովը օտարերկրյա լրատվամիջոցի հարցազրույցում կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնչեցնում է սխալ, պատմական փաստերին եւ մեր համազգային շահերին հակասող մտքեր», - դժգոհել է Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Իսկ APA լրատվական գործակալությունը, անդրադառնալով «Քարե երազներ»-ը հայերեն թարգմանելու լուրին, նշում է, որ Աքրամ Այլիսլիի վեպը ադրբեջաներեն լեզվով չկա, առաջին անգամ այն ռուսերենով տպագրվել է 2012 թվականի դեկտեմբերին` ռուսական «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG