Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի․ Հայ-վրացական հարաբերությունները պետք է լինեն «իդեալական»


Իվանիշվիլի.«Հայ-վրացական հարաբերությունները իդեալական են դառնալու»
please wait

No media source currently available

0:00 0:11:55 0:00
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի համոզմամբ, Հայաստանն ու Վրաստանն այսօր լավ հարաբերություններ ունեն, իսկ ապագայում «բազմադարյա այդ հարաբերությունները պետք է լինեն իդեալական»: Նման հայտարարություն Իվանիշվիլին արեց այսօր` «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ:

Իվանիշվիլի․ - Կարծում եմ, հայ-վրացական հարաբերություններն այսօր կարելի է նորմալ համարել, անգամ` լավ: Մենք Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ խոսեցինք, եւ կարծում եմ` երկու կողմերն էլ միտված են, որ մեր բազմադարյա հարաբերությունները պետք է լիեն իդեալական, լավագույնը եւ օրինակելի: Ահա, դեպի սրան ենք մենք ձգտում, եւ ես անձամբ, մեր նոր կառավարությունը ձգտելու ենք սրան: Նույնը ես զգացի Հայաստանի կառավարության մոտ` անձամբ [Հայաստանի] նախագահի, վարչապետի եւ ողջ կառավարության մոտ: Մենք ձգտելու ենք մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակ՚:

«Ազատություն». - Վերջին օրերին սկանդալ էր ծագել Վրաստանի արտգործնախարարի հայտարարության հետ կապված։ Ո՞րն է Վրաստանի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ: Այստեղ` Երեւանում, այնպիսի տպավորություն կա, թե Վրաստանն ավելի շատ հասկանում է ադրբեջանական կողմին: Սա ճի՞շտ է:

Մենք հասկանում ենք երկու կողմերին էլ ...

Իվանիշվիլի․ - Մենք հասկանում ենք երկու կողմերին էլ, եւ համարում ենք, որ դժբախտություն է տեղի ունեցել, ինչպես նաեւ համարում ենք, որ պետք է անել հնարավորը, որպեսզի հակամարտությունը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: Մենք պետք է զգույշ լինենք մեր հայտարարություններում, որպեսզի չխանգարենք, մենք պետք է նպաստենք [կարգավորման գործընթացին]: Ի դեպ, ես գնացել եմ Ադրբեջան, խոսել եմ նախագահ Ալիեւի հետ, նրան հարցրեցի` հետաքրքվա՞ծ են արդյոք, որ ես հարցը բարձրացնեմ Հայաստանում, ինքը ասաց` այո, եւ անգամ ասաց, որ ուրախ կլինի: Խոսել եմ Հայաստանի նախագահի, վարչապետի հետ, եւ, ցավոք սրտի, զգացի, որ դիրքորոշումները դեռ շատ հեռու են իրարից։ Մենք` [Հայաստանի ու Ադրբեջանի] մոտ ընկերներս եւ հարեւաններս, պետք է զգույշ լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի ոչ միայն չխանգարենք խաղաղ կարգավորման գործընթացին, այլ նպաստենք դրան: Ցավոք, Ադրբեջան ու Հայաստան իմ առաջին այցերի ժամանակ ես շատ բան չկարողացա անել, միայն խոսեցի խնդիրների մասին: Ապագայում ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել: Իմ ցանկությունն է, կոչը երկու պետություններին` պետք է անել ամեն ինչ, որպեսզի երկու հարեւանների միջեւ առկա խնդիրները լուծվեն միայն խաղաղ ճանապարհով:

«Ազատություն». - Պրն Իվանիշվիլի, Վրաստանի նախագահ Սաակաշվիլին շատ է խոսել Ջավախքում բարեփոխումների մասին: Այս առումով Ձեր կառավարությունն ինչ-որ ծրագրեր ունի՞:

Վրաստանի պատմության մեջ դեռ երբեք ընդդիմությունն այդքան շատ ձայներ չէր ստացել հայերից ...

Իվանիշվիլի․ - Ջավախքում մենք պետք է ամեն ինչ անենք, որ այնտեղ ապրող հայերը, իրոք, իրենց զգան ինչպես իրենց հայրենիքում, եւ այդ նպատակով ես գնացել եմ այնտեղ ու ունեցել շատ ջերմ հանդիպումներ: Ի դեպ, կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել հայկական համայնքին. Վրաստանի պատմության մեջ դեռ երբեք ընդդիմությունն այդքան շատ ձայներ չէր ստացել հայերից: Եվ ես շատ խոստումներ եմ տվել, հիմա չեմ թվարկի այդ խոսոտւմները, բայց կարող եմ ասել, որ գնդակը իմ դաշտում է, որովհետեւ հայերը ջանք են թափել ու առաջին հերթին իրենք ձայն են տվել հանուն իրենց ապագայի եւ զգացել են, որ ապագան ավելի լավն է լինելու: Ես հայերին խոսք եմ տվել եւ ամեն ինչ էլ կանեմ ու կանեմ ավելի շատ, քան խոստացել եմ, որպեսզի իրենք զգան իրենց ինչպես հայրենիքում ու արժանապատիվ ապրեն:

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Հայ առաքելական եկեղեցին ինչ-որ կարգավիճակ ունենա Վրաստանում:

Եկեղեցիների հարցը փակելուց հետո մեր հարաբերությունները նոր ազդակ կստանան ...

Իվանիշվիլի․ - Մենք շատ ենք խոսել այս հարցի շուրջ։ Ես Հայաստանի վարչապետի հետ եմ շատ խոսել, խոսել եմ նաեւ նախագահի հետ, եւ հարցեր կան երկու կողմի մոտ էլ։ Ես հանդես եկա մի նոր նախաձեռնությամբ եւ Հայաստանի նախագահն ու վարչապետը դրականորեն արձագանքեցին դրան: Ես առաջարկեցի, քանի դեռ երկկողմանի հանձնաժողովը հստակություն է մտցնում եկեղեցիների ծագման հարցում (ցավոք, նրանք շատ երկար ժամանակ է ինչ փորձում են պարզություն մտցնել այս հարցում, եւ հույս ունեմ, որ հարցը փակելուց հետո մեր հարաբերությունները նոր ազդակ կստանան), բայց քանի դեռ նրանք աշխատում են եւ քանի դեռ որոշումներ չեն կայացվել, ես ասացի, որ ունեմ դեռ վաղուց ստեղծված բարեգործական հիմնադրամ, որը Վրաստանում վերականգնել է ավելի քան 500 պատմամշակութային կոթողներ (այդ թվում երկու կոթողներում, որոնց մասին հայերը խոսում են, աշխատանքներ են սկսվել): Ես առաջարկեցի, թե անկախ այն բանից, որ ի վերջո ինչ կպարզվի եկեղեցիների ծագման հետ կապված, պատրաստ եմ հենց վաղը` այդ հիմնադրամի միջոցով, վերականգնել այն վիճելի եկեղեցիները, որոնք գտնվում են երկու երկրների տարածքում: Զուգահեռաբար երկկողմանի հանձնաժողովը կսկսի պարզաբանել եկեղեցիների ծագումը, կարելի է հնագիտական աշխատանքներ անցկացնել, որոնք ես նույնպես պատրաստ եմ ֆինանսավորել: Անկախ այն բանից՝ եկեղեցիները հայկական են, թե վրացական, ուրախ կլինեմ, որ դրանք վերականգնվեն, վերանորոգվեն, որպեսզի չփլուզվեն: Այս նախաձեռնությունը դրականորեն ընդունվեց Հայաստանի նախագահի ու վարչապետի կողմից: Կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք կստեղծենք երկկողմանի հանձնաժողով, եկեղեցիների ծագման պարզաբանման հետ կապված աշխատանքներին զուգահեռ կընթանան վերկանգնման աշխատանքները: Վրացական կողմը, ես անձամբ, մեր մշակույթի նախարարությունը, վրաց մտավորականները, եկեղեցին (ես վրաց պատրիարքի հետ էլ եմ հանդիպել), չենք ամաչի, եթե պարզվի, որ տվյալ եկեղեցին հայկական է, կշարունակենք սիրով վերաբերվել այդ հուշարձաններին, եկեղեցիներին: Կարծում եմ նույնը կլինի նաեւ հայկական կողմից:

«Ազատություն». - Եկեք խոսենք երկաթգծերից: Ի՞նչ եք կարծում, աբխազական երկաթուղին կվերագործարկվի՞:

Մենք մեր կողմից հայտարարում են, որ պատրաստ ենք աբխազական երկաթուղու վերագործարկմանը ...

Իվանիշվիլի․ - Կարծում եմ այն անպայման կվերագործարկվի: Մենք այդ հարցը այսօր երկու-երեք անգամ քննարկել ենք: Մեր կողմից պատրաստակամություն կա այն վերագործարկելու: Դուք հասկանում եք, որ այդ երկաթգծի փակումը կապված է մեծ դժբախտության, պատմության հետ, որը վերջերս է տեղի ունեցել, եւ, ցավոք, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փակուղի մտան: Այժմ մեր կողմից մեծ ջանքեր ենք գործադրում, որ այդ փակուղուց դուրս գանք: Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում այդ հարցին, կան դրական ազդանշաններ մեր եղբայր աբխազների կողմից: Սա համալիր խնդիր է: Կարծում եմ, որ գլոբալ առումով երկու երկրների միջեւ խնդիրների լուծումը, եւ տարածքների հարցի լուծումը արագ եւ մոտ ապագայում չի լինի, բայց մենք պատրաստ ենք աստիճանաբար լուծել առեւտրի, մշակութային հարաբերությունների հետ կապված հարցերը, ինչպես նաեւ հաղորդակցությունների եւ երկաթգծի հարցը, որոնք կնպաստեն գլոբալ խնդիրների լուծմանը: Ուստի մենք մեր կողմից հայտարարում են, որ պատրաստ ենք աբխազական երկաթուղու վերագործարկմանը, եւ դրական ենք նայում այդ հարցին: Հայաստանն իր կողմից հետաքրքրված է, պետք է Ռուսաստանն իր կողմից հետաքրքրություն ցուցաբերի, աբխազները պետք է հայտարարեն իրենց պատրաստակամության մասին: Զգալով իրավիճակը` կարծում եմ, որ այդ հարցը շուտով կլուծվի:

«Ազատություն». - Իսկ ի՞նչ կարող եք ասել Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթգծի մասին:

Իվանիշվիլի․ - Ցանկացած նոր ճանապարհ միայն նպաստում է երկրների միջեւ տնտեսական ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Ուստի այդ երկաթգծի կառուցումը ես ողջունում եմ, դա լավ է: Հիշում եմ, որ իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասացի, որ այդ երկաթգծի հետ կապված կան տնտեսական նպատակահարմարության հարցեր: Իմ ասածը շահարկեցին, եւ հետո մեր լրագրողները հաղորդում էին, թե իրար հակասող հայտարարություններ եմ անում: Հիմա էլ կարող եմ նույնը ասել: Աշխարհաքաղաքական առումով դա շատ հետաքրքիր նախագիծ է, բայց մյուս կողմից` սկզբնական շրջանում կարող են որոշակի տնտեսական հարցեր առաջանալ, քանի որ երկաթգիծը չի կարող ամբողջ հզորությամբ օգտագործվել: Ցանկացած նոր ճանապարհ, այդ թվում նաեւ այն, որը դուք հիմա կառուցում եք դեպի Իրան, որի մասին նույնպես այսօր մենք խոսել ենք, միայն նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ պետք է դա ողջունել:

«Ազատություն». - Վրաստանի արտաքին քաղաքականության հետ կապված ի՞նչ կարող եք ասել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ հարաբերությունները, ի՞նչ եք կարծում՝ Թբիլիսիում կփոխվե՞ն գերակայությունները:

Իվանիշվիլի․ - Մոտ ապագայում՝ դժվար թե: Իսկ ընդհանրապես` երկրները զարգանում են, մարդիկ զարգանում են, հասարակությունները զարգանում են, նրանք փոխում են գերակայությունները: Մեր գերակայությունների մասին մենք շատ են խոսել, որ դա Եվրոպան է, Եվրաատլանտյան ալյանսն է, մենք անշեղորեն շարունակելու ենք ընթանալ այդ ուղղությամբ: Զուգահեռաբար հարց է առաջանում` հնարավո՞ր է համատեղել, վերականգնել, բարեկամական դարձնել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու միեւնույն ժամանակ լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ձգտել ՆԱՏՕ-ի ուղղությամբ, լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ: Կարծում եմ, որ լավ օրինակ է Հայաստանը, եւ Հայաստանը լավ օրինակ է ծառայում Վրաստանի համար: Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ միաժամանակ լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ: Ուստի, այդ ամենը հնարավոր է, եւ գտնում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք դա անել եւ հավատում եմ, որ դա կանենք:

«Ազատություն». - Առաջիկայում Վրաստանում նախագահական ընտրություններ են: Մենք լսել ենք, որ Ձեր կոլաիցիոն գործընկեր, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան է ցանկանում Ձեր գլխավորած քաղաքական դաշինքի կողմից առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Ի՞նչ արդյունքներ եք սպասում այդ ընտրություններից:

Իվանիշվիլի․ - Թե ինչքանո՞վ է Ալասանիան ցանկանում առաջադրվել՝ ճիշտն ասած ես միայն տարբեր խոսակցություններից այդ մասին գիտեմ: Ինքն ինձ այդ մասին չի ասել, եւ կոալիցիան այդ հարցը չի քննարկել: Այդ մասին միայն խոսակցություններ են գնում: Իհարկե, նա իրավունք ունի առաջադրվել, եթե ցանկանա, բայց կոալիցիան այդ հարցը չի քննարկել: Կարծում եմ, որ դեռ վաղ է այդ հարցը քննարկել: Նախագահական ընտրությունները այդքան սուր չեն լինի, որքան խորհրդարանական ընտրություններն էին, եւ այդքան նշանակություն չեն ունենա, որքան խորհրդարանականն էին: Կարծում եմ, մի քանի ամսից մենք այդ հարցը կքննարկենք կոալիցիայում, կներկայացնենք մեր թեկնածուին եւ, ամենայն հավանականությամբ, կլինի միասնական թեկնածու: Մեզ մոտ՝ կոալիցիայում, յուրաքանչյուր անդամ իրավունք ունի, դուրս գալով կոալիցիայից, իր թեկնածուն առաջադրել, բայց անկեղծ ասած՝ դեռ այդ հարցը հում է, եւ մենք դեռ պատրաստ չենք այդ հարցը քննարկել:
XS
SM
MD
LG