Մատչելիության հղումներ

Մուտքի վիզա չստացած սիրիահայ ընտանիքը լքել է Հայաստանը


Սիրիահայերը շարունակում են ժամանել «Զվարթնոց» օդանավակայան, արխիվ
Սիրիահայերը շարունակում են ժամանել «Զվարթնոց» օդանավակայան, արխիվ
Հինգշաբթի վաղ առավոտյան ութ հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիքը մանկահասակ երեխաների հետ լքել է Հայաստանի տարածքը եւ արդեն իսկ ապաստան ստացել Ստամբուլում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ընտանիքի բարեկամուհին:

Սիրիահայ Ժան Հենդյանի ընտանիքը` կինը, երկու աղջիկները եւ վերջիններիս հինգ մանկահասակ երեխաները, փախչելով Սիրիայում ընթացող արյունալի պատերազմական գործողություններից, երեք օր շարունակ մնացին «Զվարթնոց» օդակայանի չեզոք գոտում:

Հայաստանի ոստիկանությունը այս ընտանիքին մուտքի արտոնագիր չհատկացրեց` ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացնելու պատճառաբանությամբ: Մինչդեռ սիրիահայ այս ընտանիքի բարեկամները պնդում են, որ Ժան Հենդյանի ընտանիքը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իրենք հայ են, Հենդյանի կինն է, որ ազգությամբ արաբ է, իսկ նրա աղջիկները հայեր են, Հենդյանի երկու որդիները` Հակոբն ու Հարութը սովորում եւ ապրում եմ Հայաստանում:

Գերմանիայում բնակվող Հենդյանի մյուս որդու` Մեսրոպի կինը` Եվա Պողոսյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովված ասում էր, որ հայրենիքը հրաժարվեց սիրիահայ ընտանիքին ընդունել, մինչդեռ Թուրքիան այսօր նրանց առանց որեւէ խնդրի թույլ է տվել օդակայանից դուրս գալ, եւ ընտանիքն արդեն Ստամբուլի հյուրանոցներից մեկում է:

«Սա ուղղակի անմարդկային արարք էր, որը նրանք արեցին… ո՞նց կարելի է պատերազմի փախած կանանց եւ հինգ երեխաներին ետ ուղարկել ու ասել` գնա քո երկիր, ստացի վիզա», - ասաց Եվան` հավելելով, թե արյունալի բախումների մեջ անհնար է ընտանիքով գնալ ու վիզայի հարց լուծել:

Եվան պատմեց, որ մի քանի շաբաթ առաջ Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասակա քաղաքում, որտեղ բնակվում է ընտանիքը, ապստամբները առեւանգել են Ժան Հենդյանի դուստերից մեկի որդուն՝ Ժակին, բակում խաղալու ժամանակ: Ընտանիքը 100 հազար դոլարի փրկագին է վճարել 8-ամյա տղայի կյանքը փրկելու համար: Երեք օր ապստամբների ձեռքում պատանդ մնալուց հետո, 8-ամյա այդ երեխան երեք օր էլ մնաց «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում:

«Երեխան ասում էր իր մամային ու պապային` եկեք գնանք Հայաստան, էնտեղ չկան սենց մարդիկ, էնտեղ չկան բոմբեր… Հայաստանը իրենց երեք օր սոված-ծարավ պահեց օդակայանում` օդորակիչների տակ, հատակին քնացրեց ու հետ ուղարկեց Ստամբուլ», - ասում էր Եվան:

Սիրիահայ այս ընտանիքի ոդիսականի հետ կապված այսօր հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը: Ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը «Արմենպրեսին» ասել է, թե հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են եւ փորձել էին հատել Հայաստանի պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:

«Նրանք նպատակ էին հետապնդել, Հայաստանի տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել», - պարզաբանել է Բաղրամյանը:

Մինչդեռ Հենդյանների ընտանիքի բարեկամուհին պնդում է, որ Ժան Հենդյանի դուստրերի ամուսինները ոչ թե ասորիներ, այլ Սիրիայի հյուսիսում ապրող [փոքրաթիվ, քրիստոնյա] արամեացիներ են: Եվան պնդում է, թե իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ սիրիահայ այս ընտանիքը փորձել է Հայաստանի միջոցով մուտք գործել երրորդ երկիր:

«Ոչ, իրենք ընդամենը պետք է սպասեին, մինչեւ Սիրիան հանդարտվեր. նորմալ ապրում են, նրանք մի քանի տուն ունեն Երեւանում, ընդամենը գալիս էին իրենց տանը մի քանի ամիս հանգիստ ապրեին... մեր ամենասիրելի հայրենիքից հիասթափվել են, չեմ ուզում էդ բառը ասել, բայց ստիպել են», - ասաց նա:

Ոստիկանությունը այս ընտանիքին մուտքի վիզա չտալու իր որոշումը բացատրում է «Օտարերկրացիների մասին» օրենքով եւ կառավարության 2008 թվականի որոշմամբ, որով սահմանում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է դիմեն միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններին: Այդ երկրների մեջ է մտնում նաեւ Սիրիան: Իսկ ազգությամբ հայ քաղաքացիները կարող են Հայաստանի սահմանային անցման կետերում ստանալ մուտքի վիզա, բայց նրանք պետք է փաստաթղթերով ապացուցեն հայ լինելու հանգամանքը: Կառավարությունը 2012-ի հուլիսին սահմանել է այդ փաստաթղթերի ցանկը: Մասնավորապես, նրանք պետք է ներկայացնեն ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ ծննդյան վկայական, կամ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Փաստաթղթերի հաստատման այս պահանջը դառնում է բողոքների պատճառ, թե տասնյակ հազարավոր սիրիահայերը ինչպե՞ս պետք է պատերազմական վտանգավոր այս շրջանում հասնեն հյուպատոսական հիմնարկներ` դրանք ստանալու համար:

please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG