Մատչելիության հղումներ

Ավելի քիչ մարդիկ են հավատում Թուրքիայի եվրոպական ապագային


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից
Թուրքիան ի վերջո կանդամակցի Եվրամիությանը, թե` ոչ. այս հարցին դրական պատասխանողների եւ Թուրքիայի եվրոպական ապագային հավատացողների թիվը նախորդ տարվա համեմատ զգալի կրճատվել է, փաստում է վերջերս անցկացված հարցումը:

Հարցումն անցկացրել է Թուրք-գերմանական գիտակրթական ուսումնասիրությունների հիմնադրամը հունիսի վերջին Ստամբուլում, Անթալիայում, Տրապիզոնում, Իզմիրում, Կեսարիայում` հարցեր ուղղելով 1100 մարդու:

Թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզը» տեղեկացնում է, որ մեկ տարվա ընթացքում այն մարդկանց թիվը, ովքեր դրական են պատասխանել «արդյո՞ք Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ» հարցին, նվազել է կրկնակի` 34.8 տոկոսից դառնալով 17 տոկոս: Մինչդեռ բացասական պատասխան տվել է հարցվածների 78 տոկոսը:

Հարց է տրվել նաեւ ավելի հեռու ապագայում Թուրքիայի եվրոպական հեռանկարի վերաբերյալ, թե հավատում են արդյոք, որ տասնամյակներ անց Թուրքիան ի վերջո կանդամակցի՞ ԵՄ-ին: Այս հարցին հարցվածների միայն 15 տոկոսն է դրական պատասխան տվել, իսկ 76 տոկոսը բացասական պատասխան է տվել:

Նախագծի խորհրդատու Ֆարուք Շենը այս արդյունքը կապում է Եվրամիության պատած տնտեսական ճգնաժամի հետ:

«Թուրքիայի տնտեսության վերջին տարիներին գրանցվող աճը նվազեցրել է թուրք ժողովրդի հավատը ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ, եւ այդ միտումը դժվար թե փոխվի Գերմանիայի, Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով: Այդ երկրները դեմ են արտահայտվում Թուրքիայի անդամակցության եւ նրանց ձայնը որոշիչ է», - ասում է Շենը:

Հարցվածների կարծիքով` Ֆրանսիան է այն երկիրը, որը ամենայն հավանականությամբ խոչընդոտներ է ստեղծում Թուրքիայի եվրոպական ինտեգրման ճանապարհին: Մյուս խոչընդոտող երկրները, հարցվածների կարծիքով, Գերմանիան, Հունաստանը եւ Կիպրոսն են:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են դեռ 2004 թվականից, սակայն մինչ օրս արդյունք չեն տվել: Կիպրոսի հարցը այն հիմնական խնդիրներից է, որ խոչընդոտում է Թուրքիայի մուտքը եվրոպական ընտանիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG