Մատչելիության հղումներ

Օլանդը վերահաստատում է իր հանձնառությունը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունենում Ելիսեյան պալատում, 15-ը մայիսի, 2012թ.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունենում Ելիսեյան պալատում, 15-ը մայիսի, 2012թ.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շաբաթ առավոտյան զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանին՝ վերահաստատելու, որ չի փոխել իր կարծիքը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր օրինագծի հարցում։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է Les Nouvelles d'Armenie պարբերականի կայքէջում, Օլանդը հայ համայնքի ներկայացուցչի հետ կրկին խոսել է համապատասխան օրինագիծ առաջարկելու իր ցանկության մասին, որը արտահայտել էր նաեւ նախագահական ընտրարշավի ընթացքում։

Ֆրանսիայի նախագահը մինչեւ այս ամսվա վերջ հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ՝ քննարկելու համար նախագծի տեքստի հետ կապված մանրամասները։

Երկրի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը օրերս թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարությամբ էր հանդես եկել, որով, ըստ էության, կասկածի տակ էր դրել Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի հարցում։ Ֆրանսիայի նախագահի այսօրվա հեռախոսազանգը, ըստ հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, նպատակ ուներ վերջ տալ Ֆաբիուսի հայտարարությանը հաջորդած խոսակցություններին։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հույս է հայտնում, որ պաշտոնական Փարիզը «կկարողանա դիմակայել Անկարայի անթույլատրելի ճնշումներին եւ թուրքական իսլամա-պահպանողական ռեժիմին թույլ չի տա միջամտել իր ներքին գործերին եւ թելադրել իր կամքը՝ հատկապես մարդու իրավունքների եւ զոհերի պաշտպանության բնագավառում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG