Մատչելիության հղումներ

Պրահայի հանդիպումը արդյունավետ էր


Չեխիա - Վիշեհրադյան քառյակի եւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների հանդիպման մասնակիցները, Պրահա, 5-ը մարտի, 2012թ.
Չեխիա - Վիշեհրադյան քառյակի եւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների հանդիպման մասնակիցները, Պրահա, 5-ը մարտի, 2012թ.
Պրահայում երկուշաբթի օրը Վիշեհրադյան քառյակի եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների հանդիպումը արդյունավետ է եղել։ Այս գնահատականին հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում համաձայն էին թե՛ Եվրամիության պաշտոնյաները, թե՛ բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարները:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրին հատուկ անդրադարձ չի կատարվել, սակայն չլուծված հակամարտությունների հարցը քննարկվել է։

«Մենք հարցը քննարկել ենք ընդհանուր գծերով, այն առումով, որ Եվրոպական միությունը հավակնում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այնպիսի հակամարտությունների լուծման հարցում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է», - ասաց հանձնակատարը։

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Եվրամիությունը ընդլայնել իր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում, Շտեֆան Ֆյուլեն պատասխանեց. - «Առաջին հերթին, իհարկե, դա Արեւելյան գործընկերության ծրագիրը խթանելն է։ Այն, փաստորեն, ընդգրկում է նաեւ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրները եւ այդ առումով հնարավորություն է տալիս այդ երկրներին համագործակցությունն ամրացնելու նոր ուղիներ գտնել եւ նոր դռներ բացել: Երկրորդ` պետք է վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել, եւ երրորդը` մենք հստակ հայտարարարել ենք, որ պատրաստ ենք մաս կազմել համակողմանի եւ լիակատար հանգուցալուծմանը, ինչպիսին էլ այն լինի` իհարկե, հիմնված կողմերի համաձայնության վրա»:

Անդրադառնալով Հայաստանում մայիսին անցկացվելիք ընտրություններին` Ֆյուլեն ասաց. - «Այժմ, իհարկե, կարեւոր է, որ Հայաստանը սպասվող խորհրդարանական ընտրություններում ապացուցի, որ կարող է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ։ Այս հանդիպման ընթացքում հարցը հստակ դրվել է, եւ ոչ միայն Հայաստանի առջեւ: Ընտրությունների շեմին են այլ գործընկեր պետություններ եւս, եւ այս առումով շեշտվել է, որ եթե ուզում եք մեզնից ավելի մեծ աջակցություն ստանալ, պետք է ավելին անեք, եւ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելը հիմնական կետերից է»:

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին, ասուլիսի ընթացքում խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրի մասին, հարկ համարեց շեշտել, որ այժմ արդեն հավասարակշռություն է նկատվում Եվրամիության արտաքին քաղաքականության երկու ուղղությունների` Արեւելյան եւ Հարավային գործընկերության ծրագրերի միջեւ։ Այսինքն, արեւելյան հարեւանները` հարավկովկասյան երեք երկրները, Ուկրաինան, Բելառուսն ու Մոլդովան, Եվրամիության համար այժմ նույնքան կարեւորություն են ներկայացնում, որքան հարավային գործընկերները` դրանք միջերկրածովյան արաբական պետություններն են, Իսրայելը եւ Պաղեստինը։

«Այժմ հստակ հավասարակշռություն կա Արեւելյան եւ Հարավային գործընկերությունների միջեւ, եւ Եվրամիությունը շահագրգռված է առաջընթաց ունենալ երկու ուղղությամբ էլ` չմոռանալով նաեւ արեմտյան բալկանյան երկրները, որտեղ իրավիճակը այլ է», - ասաց Հունգարիայի արտգործնախարարը։

«Մենք աջակցում ենք Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ձգտումներին, համենայն դեպս` նրանց, որոնք իրական եւ լուրջ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ: Մենք բոլորս գիտենք, որ իրավիճակը գործընկեր երկրներում նույնը չէ, եւ գործընթացներն էլ տարբեր երկրներում տարբեր ժամկետներ են պահանջում, սակայն, կարծում եմ, կրկին պետք է ընդգծել, որ դրված խնդիրները նույնն են, վերջնական քաղաքական նպատակները` եւս», - հայտարարեց Յանոշ Մարտոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG