Մատչելիության հղումներ

Ալժիրը Թուրքիային կոչ է անում իր հաշվին «քաղաքական կապիտալ» չկուտակել


Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահիա
Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահիա
Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահիան Թուրքիային կոչ է արել դադարեցնել գաղութատիրական շրջանում Ֆրանսիայի կողմից հազարավոր ալժիրցիների սպանության թեմայով «քաղաքական կապիտալ» շահելու փորձերը։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ` Ույահիան հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր շահերը, սակայն «ոչ ոք իրավունք չունի ալժիրցիների արյունը բիզնեսի վերածել»։

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիային մեղադրեց 20-րդ դարի կեսերին ալժիրցիների դեմ ցեղասպանություն գործադրելու մեջ։

«Ֆրանսիան 1945 թվականից սկսած կոտորել է Ալժիրի բնակչության շուրջ 15 տոկոսին։ Դա ցեղասպանություն է», - օրինագծի ընդունման օրը` անցած տարվա դեկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Էրդողանը` նաեւ մեղադրելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նախընտրական նպատակներով մահմեդականների եւ թուրքերի նկատմամբ ատելություն բորբոքելու մեջ։

Թուրքիայի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ տվեց ալժիրցիների «կոտորածի» մասին «հարցնել իր հորը, որը այնտեղ ծառայել է ֆրանսիական լեգեոնում»։

Ֆրանսիայի նախագահը, սակայն, թուրք գործընկերներին կոչ արեց հարգել իրենց տեսակետը, եւ շեշտեց. - «Ֆրանսիան դասեր չի տալիս որեւէ մեկին, սակայն չի էլ ցանկանում, որ այդպիսիք տան իրեն»:

Ալժիրցի պատմաբանների վկայությամբ` Ֆրանսիայի գաղութատիրական ռեժիմին վերջ տալու պահանջով 1945 թվականի մայիսի 8-ին Ալժիրի Սեթիֆ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցը ճնշելու ընթացքում ֆրանսիացիները շուրջ 45 հազար մարդու են սպանել։ Արեւմտյան հետազոտողների տվյալներով` այդ իրադարձությունների ժամանակ զոհվածների թիվը 8 հազարից մինչեւ 18 հազար է։

Ահմեդ Ույահիան անցած շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Ալժիրի պատերազմի ժամանակաշրջանում Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր եւ որպես այդպիսին նյութական աջակցություն է ցույց տվել Ֆրանսիային։

«Մենք ասում ենք մեր [թուրք] բարեկամներին. բավական է կապիտալ կուտակեք Ալժիրի գաղութացման թեմայով», - հայտարարել է Ալժիրի վարչապետը։

Ալժիրի իսլամիստական «Սոցիալական շարժում հանուն խաղաղության» կուսակցությունը, մինչդեռ, Ույահիայի հայտարարությունից հետո հանդես է եկել ի պաշտպանություն Թուրքիայի վարչապետի` համոզմունք հայտնելով, թե Էրդողանին պետք է շնորհակալություն հայտնել, այլ ոչ թե քննադատել։

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ` հիշյալ կուսակցության ղեկավար Բուգերա Սոլթանին կիրակի օրը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք չենք ընդունում, որ որեւէ մեկը ասի, թե Էրդողանը բիզնեսի է վերածում ալժիրցիների արյունը։ Գաղութատիրության զոհ են դարձել 5.5 միլիոն ալժիրցիներ, նրանցից 1.5 միլիոնը` [1954 - 1962 թվականների] ազատագրական պատերազմի ընթացքում»։

Սոլթանիի խոսքերով` Էրդողանը Ալժիրից ոչինչ չի խնդրել. - «Նա միայն ասել է Ֆրանսիային` «Դուք ասում եք, որ Թուրքիան 1915 թվականին բնաջնջել է հայերին, ես հիշեցնում եմ ձեզ, որ դուք բնաջնջել եք ալժիրցիներին»։

«Մենք սատարում ենք բոլոր նրանց, ովքեր Ֆրանսիային կոչ են անում պաշտոնապես ճանաչել գաղութատիրական Ֆրանսիայի հանցագործությունները եւ ներողություն խնդրել ու փոխհատուցել զոհերին», - ասել է Ալժիրի իսլամիստական կուսակցության ղեկավարը` Ույահիայի մեկնաբանությունները որակելով «Ֆրանսիային մատուցված ծառայություն»։

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում ակնկալվում է մինչեւ այս ամսվա վերջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG