Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ իր ուղերձում։
Նա ընդգծել է, որ Կանադան աջակցում է նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակությանը՝ հանուն տարածաշրջանի ժողովրդի արդար և երկարատև խաղաղության։
Ընդգծելով, որ Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին՝ Ժոլին շեշտել է, որ շարունակում են կոչ անել ազատ արձակել նաև Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։
«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային լուծմանն ու ուժի չկիրառման սկզբունքին, ինչպես նաև տարածքային ամբողջականության հարգմանը, ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքին։ Սա պետք է ենթադրի հայ բնակիչների վերադարձի ապահով և արժանապատիվ իրավունք, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ և տարածքում հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանություն», - ասված է հայտարարությունում։
Սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի անկման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
Նախորդ տարվա այս օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։
Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը սուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա