Կրակոցներ ոստիկանության Կոտայքի բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Օտարերկրացին կրակոցներ է արձակել ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում մի օտարերկրացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա:

Ահազանգով մեկնած ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկացուն, ով օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։

«Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից փորձել է ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել», -նշել է Աբրահամյանը:

Ըստ ՔԿ մամուլի քարտուղարի, օտարերկրացին և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ. - «Աբովյան ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում»։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։