Երևանի Փիրումյաններ փողոցի վրա օրը ցերեկով հատվել է միանգամից 45 բարդի։ Հարուցվել է քրեական գործ ապօրինի ծառահատման հոդվածով:
Մինչ իրավապահները կպարզեն, թե ով կամ ինչու է հատել ծառերը, փորձեցինք զրուցել հատված ծառերի հենց կողքին գտնվող տան տերերի հետ։ Բարդիների հարակից առանձնատան սեփականտերը մեզ հետ զրուցել չցանկացան, բայց ըստ քրեական գործի նյութերի, հենց տան տերն է հատել 45 բարդին, ընդ որում ոստիկանություն հաղորդում են ներկայացրել թաղամասի կանաչապատման պատասխանատուները, որոնք անցնելիս նկատել են ծառահատումը։
Առանձնատան բակում աշխատողներից մեկը հաղորդեց տան սեփականատիրոջ դիրքորոշումը՝ «ծառերը վնասում էին տան պարիսպը, ով տնկել էր բարդիները տարիներ առաջ, նա էլ որոշել է կտրել, ի՞նչ խնդիր կա»։
Տան տերն ավելի վաղ խոսել էր նաև Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ, ներկայացրել նույն փաստարկները, պատմեց Երևանի կանաչապատման պատասխանատու Արմեն Բեգոյանը։
«Որքան հասկացա իր պատնեշներին խանգարում էին ծառերը», - նշեց Բեգոյանը:
Կարգավորումները, սակայն, Կանաչապատում ՀՈԱԿ-ի ղեկավարի խոսքով, հստակ են. եթե ծառերը հանրային տարածքում են ու ոչ որևէ մեկի սեփական այգում, այն հատելն արդեն օրինական չէ և այստեղ բոլորովին էական չէ, թե ով էր տնկել բարդիները։
«Տարածքը համարվում է քաղաքային կանաչ տնկարք և այդտեղ գործողություններ կատարելն անթույլատրելի է առանց համաձայնեցնելու Երևան քաղաքի կանաչապատում ու շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի հետ», - ընդգծեց նա:
Արմեն Բեգոյանն ասում է, օրինակ, իր պապն էլ 1930-ականների վերջին մասնակցել է Մաշտոցի պողոտայի ծառատունկին, կարո՞ղ է հիմա ինքը գնալ ու հատել պողոտայի ծառերից մեկը։
«Բավականին մեծ է վնասը, բայց այստեղ գումարն էլ ես այդքան չէի կարևորի պատճառված վնասի, ինչքան բարոյական ու էկոլոգիական տեսանկյունից այս կատարվածն անընդունելի է ուղղակի, առավել ևս նման նոր երիտասարդ ու կենսունակ ծառերի պարագայում», - ընդգծեց Բեգոյանը:
Երևանում կանաչապատ տարածքներն Առողջապահական համաշխարհային կազմակերպության և այլ ընդունված ստանդարտներով նվազագույն պահանջվածից շատ ավելի քիչ են:
Մայրաքաղաքում կես ժամում 45 երիտասարդ ծառ հատակին պառկեցնելու լուրը արագ հասել է նաև ավագանու ընդդիմադիր անդամներին։
«Սեփականատերն իր բակում, իր հողի վրա կարող է անել այն գործողությունը, որն ինքն է ճիշտ գտնում, այսինքն, տնկի ծառ, հատի, բայց հանրային տարածքում, համայնքին պատկանող տարածքում նա իրավունք չունի հատման գործընթացներ իրականացնի առնաց համապատասխան փաստաթղթավորման», - ասաց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը:
Այնուամենայնիվ, քաղաքային իշխանության ներկայացուցիչները անելիք ունեին, նկատում է Քրիստինա Վարդանյանը, ժամանակին երբ տնկվել են բարդիները, կանաչապատման մասնագետները պարտավոր էին զգուշացնել տան սեփականատիրոջը, որ հանրային տարածքում բարդիների մինչև 3-5 մետր հեռավորության պետք է լինի, և ծառերը այսքան մոտ տնկելու դեպքում հետագայում կարող են խնդիրներ առաջացնել։
«Տվյալ դեպքում մենք զրկեցինք կյանքից ծառերը, կենդանի օրգանիզմներ, որոնք կանաչ, դալար վիճակում, նույնիսկ չեն էլ մտածել տեղափոխության կամ այլ բանի մասին: Երկրորդը արդեն էդ մարդու համար, իրավական մասը պատասխանատվության, որ նա պետք է կրի իր կատարած գործունեության հետևանքով: Այսինքն, մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ հասկանան, որ ամեն մի բարի գործ չի, որ իրականում բարի է ու դա դեռ մեծ հարց է՝ բարի է, թե՝ չէ», - նշեց Վարդանյանը:
Իր տան պարսպի՝ փողոցի կողմում աճող 45 բարդին հատելու համար տան սեփականատերը, ըստ Քննչականի առաջադրած մեղադրանքի, կարող տուգանվել, ուղարկվել հանրային աշխատանքի կամ անգամ ազատազրկվել։ Երևանի քաղաքապետարանը պատճառված վնասը գնահատել է 1 միլիոն 600 հազար դրամ։