Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, ով Ազատ դեմոկրատական կուսակցության նախագահն է։ Այն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոալիցիայի մաս է, որը գլխավորում է Շոլցը: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։

Քրիստիան Լինդների պաշտոնանկությունը հաստատել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։

Bild-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Օլաֆ Շոլցն առաջ է անցել Ազատ դեմոկրատական կուսակցությունից. նրանք նախատեսում էին նոյեմբերի 7-ին խզել կոալիցիոն համաձայնագիրը և հետ կանչել իրենց նախարարներին։

Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին Բեռլինում կայացած կոալիցիոն հանձնաժողովի նիստում Քրիստիան Լինդներն առաջարկել է կոալիցիոն գործընկերներին համաձայնել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2025 թվականի սկզբին։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս դեպքում նա պատրաստ կլիներ ընդունել 2024 թվականի գերմանական լրացուցիչ բյուջեն և մնալ անցումային կաբինետի կազմում մինչև խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց ֆինանսների նախարար Լինդների պաշտոնանկության մասին։