Քոչարյանի և Խաչատուրովի փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի այսօրվա որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման հատկանիշներով:

Հայտարարությունում նշված է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դիմումը, ինչպես նաև Aysor.am, www.azatutyun.am և www.a1plus.am լրատվական կայքերում կատարված հրապարակումները:

Փաստաբանների պալատի հաղորդագրությունում նշված է. «ԲԴԽ նախագահի դիմումի և զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Արամ Վարդևանյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվող թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, սակայն, այնուամենայնիվ, փաստաբանները ներկայացել են դատարան և մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, որտեղ գտնվելով ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ»:

Արդյունքում, փաստաբաններ Հայկ Ալումյանին, Հովհաննես Խուդոյանինև Միհրան Պողոսյանին ըստ էության վերագրվել է 2020 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դրսևորած հետևյալ վարքագիծը՝ Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց, Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում, Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Միհրան Պողոսյանը գտնվելով դատական նիստերի դահլիճում, ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ:

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ արձանագրվել է, որ Միհրան Պողոսյանին և Հովհաննես Խուդոյանին վերագրվող սեղանների մոտ նստելու վարքագիծն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ փաստելու համար օրենքով կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը: Այսինքն, նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց, կամ մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում փաստաբանի նստելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ փաստաբանի կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի կամ դատավարության մասնակցի նկատմամբ կամ խախտվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի այլ դրույթ: Հետևաբար, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի վերոհիշյալ վարքագիծը պետք է գնահատման առարկա դարձվի դատական իշխանության նկատմամբ ծաղրական վերաբերմունքի կամ այլ անհարգալից գործողություններ կատարելու վարքագծի հետ համակցության մեջ:

Հայտարարությունում նաև ասված է, որ փաստաբան Հայկ Ալումյանը մարտի 20-ին Փաստաբանների պալատ է ներկայացրել միջնորդություն, որով հայտնել է իր դիրքորոշումը ԲԴԽ նախագահի լիազորությունների մասին, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ գործի շրջանակներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի դիրքորոշման կարևորությունը, միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ, որպես առիթ ընդունելով այդ իրադարձությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին նշանակված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով: Այդ օրը դատարան էին պատրաստվում գալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին 4 վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Անուշավան Դանիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար անձնական երաշխավորություն ներկայացնելու։