«Վրաստանն իր ապագան եվրոպական ընտանիքում է տեսնում». ԵԽԽՎ երեկվա նիստը մեկնարկեց վրացական երգով ու Բախտաձեի ելույթով

Վրաստանի վարչապետը ելույթ է ունենումը ԵԽԽՎ նիստում, Ստրասբուրգ, 10-ը ապրիլի, 2019թ.

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեկվա նիստը մեկնարկեց վրացական բազմաձայն ժողովրդական երգով ու վարչապետ Մամուկա Բախտաձեի ելույթով:

Ուղիղ քսան տարի առաջ այս օրերին Վրաստանը միացավ Եվրոպայի խորհրդին։ Հոբելյանական իր ելույթում երկրի առաջնորդը պնդեց՝ այս ընթացքում Վրաստանում շատ բան է բարեփոխվել, մեկ բան, սակայն, մնացել է անփոփոխ՝ ինչպես և այն ժամանակ, այսօր էլ Վրաստանն իր ապագան եվրոպական ընտանիքում է տեսնում:

«Հենց նոր մենք լսում էինք վրացական մի հրաշալի երգ, որտեղ տարբեր ձայները միախառնվում, դառնում են մեկ ամբողջություն՝ լրացնելով ու հարստացնելով, զարգացնելով ու առաջ տանելով միմյանց: Սա շատ վառ կերպով արտահայտում է վրացիների ազգային ինքնությունը, և շատ խորհրդանշական է, որ մենք այդ երգն ենք լսում այսօր, երբ տոնում ենք Եվրախորհրդի հիմնադրման 70-ամյակն ու այդ կառույցին Վրաստանի անդամակցության քսաներորդ տարին», - ասաց Վրաստանի վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով Եվրախորհրդին ու եվրոպական մյուս կառույցներին Վրաստանի ժողովրդավարացմանն աջակցելու համար՝ Մամուկա Բախտաձեն նշեց՝ Թբիլիսին հավակնում է դառնալ օրինակելի մոդել տարածաշրջանի մյուս երկրների համար:

«Այսօր մեր երկիրը վերելք է ապրում», - հայտարարեց երկրի վարչապետը՝ մանրամասնելով՝ տևական ժամանակ անց, ի վերջո, Վրաստանին հաջողվել է նոր Սահմանադրություն ընդունել, որտեղ իշխանության բոլոր ճյուղերն արդարացիորեն հակակշռում են միմյանց և դրանով իսկ ժողովրդավարական առաջընթացը դարձնում անշրջելի:

«Վերջին փոփոխությունների արդյունքում մեր խորհրդարանը դարձել է առավել ուժեղ, քան երբևէ, և այդ լույսի ներքո մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է հաշվետու լինել մեր ժողովրդի առջև: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը տեղյակ լինի մեր ամենօրյա նախաձեռնությունների ու բարեփոխումների մասին, և հաստատակամ ենք՝ շարունակելու աշխատանքը զարգացումների ու թափանցիկ կառավարման ուղղությամբ», - ասաց Բախտաձեն:

Մոտ մեկ ժամ շարունակված ելույթում Վրաստանի վարչապետը խոսեց նաև մարտահրավերների մասին, դրանց շարքում առաջին հերթին նշելով Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացիան:

Դատապարտելով Ռուսաստանի գործողությունները՝ Բախտաձեն եվրոպական ամբիոնից դիմեց այդ շրջանների բնակիչներին. - «Մեր հաջողությունները նաև ձերն են, մենք մեր ապագան միայն ձեզ հետ ենք տեսնում՝ խաղաղ ու բարգավաճ Վրաստանում»:

Բախտաձեն հիշեցրեց՝ 20 տարի առաջ, երբ իր երկիրը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Զուրաբ Ժվանիան հայտարարել էր՝ «ես վրացի եմ, և ուրեմն՝ եվրոպացի»:

«Խորհրդանշականորեն մենք ենք այս տարի ստանձնում Եվրոպայի խորհրդի նախագահությունն, առաջնորդում մի կազմակերպություն, որը մեր ճանապարհի առանցքային աջակիցներից մեկն է եղել: Եվ հիմա մե՛ր հերթն է՝ ընդունելու այդ ջահն ու փոխանցելու այն հաջորդ սերունդներին», - ասաց Վրաստանի վարչապետը:

Բուռն ծափողջյուններից հետո հնչեցին հարցեր, ընդ որում՝ բավական սուր. եվրոպացի պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվում էին՝ պատրա՞ստ է պաշտոնական Թբիլիսին երաշխավորել, որ ապագայում չեն կրկնվելու նախորդ նախագահական ընտրություններում տեղ գտած թերությունները, ի՞նչ քայլեր են արվում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու, դատական համակարգը կատարելագործելու համար:

Պատգամավորներից մեկն էլ ճշտեց՝ մինչ օրս քանի՞ անգամ է Ադրբեջանում Վրաստանի դեսպանն այցելել Ադրբեջանի իշխող վարչակազմի ընդդիմախոս, լրագրող Աֆղան Մուխթարլիին, ում Բաքվի հատուկ ծառայությունները, մինչ այժմ անհայտ հանգամանքներում, 2017-ին Թբիլիսիից առևանգել ու ադրբեջանական կալանավայր էին տեղափոխել:

Բախտաձեն, ի պատասխան, հղում արեց այս գործով շարունակվող քննությանն ու պնդեց՝ քանի դեռ այն չի ավարտվել, չի կարող հարցին պատասխանել: