Զրույցը ցույց տվեց, որ պատերազմի վերաբերյալ Պուտինի տեսակետը չի փոխվել. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ օրերս Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը ցույց է տվել, որ ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայացքներում փոփոխության նշույլ անգամ չկա։

Շոլցն ասել է, որ արժեր խոսել Պուտինի հետ՝ փարատելու այն պատրանքները, որոնք նա կարող է ունենալ, որ Արևմուտքը պատրաստվում է հրաժարվել Ուկրաինային աջակցությունից:

«Զրույցը շատ մանրամասն էր... քիչ բան է փոխվել պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի տեսակետներում, և դա լավ նորություն չէ», - ասել է Գերմանիայի կանցլերը, ում հեռախոսազանգը Պուտինին քննադատության է ենթարկվել։

Սա երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցն էր 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։

Կանցլեր Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից՝ ընդգծելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Պուտինը կրկնել էր Մոսկվայի դիրքորոշումը, թե հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերն անվտանգության ոլորտում, հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա, և «ամենակարևորը՝ վերանան հակամարտության բուն պատճառները»։